Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ շարունակվում է: Պաշտպանը դեկտեմբերի 26-ին Գյումրիում հանդիպել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։
Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
Քննարկվել են սոցիալական, բնապահպանական, կրթական, կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքներին վերաբերելի հարցեր:
«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը չափազանց կարևոր եմ համարում: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ համագործակցության արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները համատեղ աշխատանքով լուծելու նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։