Կարևոր իրադարձություններ

Աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին. Ավինյան

26 Դեկտեմբեր, 2024 20:49
Աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին. Ավինյան

Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին:

Ավինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն որոշակի ժամանակ է պահանջում:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, նույնպես վերացված լինեն: Ինչ-որ մի փուլում, երբ մենք վստահ լինենք, որ համակարգերն իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերն իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, բոլոր միջոցները, որոնք հայտարարել ենք՝ My Fare քարտը, բանկային քարտերը, Telcell համակարգը, նորմալ գործում են, այդ ժամանակից մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար արդեն այցելելու են ավտոբուսներ: Եվ օրինակ առանց տոմսի երթևեկող և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց տուգանելու են»,-ասել է Ավինյանը:

Ըստ Ավինյանի՝ սակայն մինչև այդ աշխատանքներ կան կատարելու:

«Մենք պետք է նվազագույնը վստահ լինենք, որ մեր առաջարկած վճարման մեթոդներն աշխատում են»,-հավելել  քաղաքապետը:

Երևանի ավագանին ընդունել է որոշում, որով հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի համար սահմանվել են արտոնություններ: Մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ անկախ հաշվառման վայրից, կլինի 15 տոկոս զեղչ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի ներկայացուցիչների համար ևս կլինի անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուների համար, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, այսինքն՝ «Փարոս»-ի շահառու են, կլինի 20 տոկոս զեղչ։

Նախկին ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար ևս հանրային տրանսպորտով երթևեկելը կլինի անվճար։

Բազմազավակ ընտանիքների ծնողների,  այսինքն՝ չորս և ավելի երեխաներ ունեցողների համար  նույնպես տրանսպորտը  կլինի անվճար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին