Կարևոր իրադարձություններ

Ինչքան է արժեցել Երևանի 2806-ամյակի միջոցառումների կազմակերպումը. «Ժողովուրդ»

02 Նոյեմբեր, 2024 08:14
Ինչքան է արժեցել Երևանի 2806-ամյակի միջոցառումների կազմակերպումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումն արժեցել է 304 մլն 487 հազար դրամ։ Երեւանի տոնին նվիրված միջոցառումներ պետք է անցկացվեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Ազատության հրապարակում, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ), Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում։

Միջոցառումներին զուգահեռ անցկացվում էին գարեջրի փառատոն, գինու փառատոն, փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին եւ այլ սպորտաձեւերին նվիրված միջոցառումներ, իսկ երեկոյան՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում կայացավ օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ ունեցան Հանրապետության սիրված արտիստները։

304 մլն 487 հազար դրամ արժեցած պայմանագրի մեջ, բացի միջոցառումների սցենարական մասից, ներառված են նաեւ տեխնիկական մասը, անգամ գույքը՝ մետաղյա կոնստրուկցիաներ, ԼԷԴ եկրաններ, ձայնային սարքավորումներ։ Պայմանագրում ներառված է նաեւ 2 գովազդային վահանակի արժեքը, բեմահարթակի վարձակալությունը, բեմահարթակի երեսպատումը, թվով 4 հնաոճ վինտաժային մեքենաներ, 3 հնաոճ խաղեր։ Պայմանագրի արժեքում ներառված են եղել նաեւ բեմի նախագծման աշխատանքները, ոճաբանի ծառայությունները, անձնակազմի սնունդը, նկարահանման ապահովումը, ԴիՋեյի ծառայությունները (DJ Վահագ)՝ առնվազն 30 րոպե տեւողությամբ, բանվորական ուժ, անվտանգություն։

Հանրապետության հրապարակում համերգային ծրագրի համար, համաձայն պայմանագրի, ելույթ են ունեցել Ժակլին Սարգսյանը Lada Niva խմբից, Արաքսյա Վարդերեսյանը, Արման Աղաջանյանը, Ռոզալինը, Աիդա Սարգսյանը, Արմինկան եւ մանկական երգչախումբը։

Միջոցառման պարուհիների եւ երգչախմբի հագուստները պատրաստել են ոճաբաններ՝ հատուկ այս համերգի համար։

Պայմանագրով՝ յուրաքանչյուր ինֆլյուենսեր պարտավորված է եղել հրապարակել տեսանյութ եւ նկարներ. պարտադիր պայման է եղել 1 reel եւ 1 story հրապարակել։

Միջացառումը կրկին կազմակերպել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որի մասին «Հետք»-ը գրել էր՝ 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ»:

Հոդվածն ամբողջությաբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին