ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը սոցիալական աշխատողներ օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
Ուրախ եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրը մասն է փիլիսոփայության, որը հիմնված է մարդկային արժանապատվության և բոլորի համար առավել հարմարավետ կենսապայմաններ ստեղծելու ցանկության վրա՝ այն հստակ գիտակցմամբ, որ Ձեր յուրաքանչյուր գործողություն և բառ կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը:
Այո՛, ներկայումս ոլորտը հնարավոր չէ պատկերացնել առանց սոցիալական աշխատողների, ում նվիրական ջանքերի շնորհիվ պետությունը շարունակում է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, տրամադրել կարիքահեն ծառայություններ, բացահայտել նրանց ներուժը։
Վերջին տարիներին, ցավոք, անընդհատ բախվում ենք նոր մարտահրավերների՝ համաճարակի, պատերազմի, հեղեղումների հետևանքով։ Ու սրանք ևս մեկ հանգամանքներ են, որտեղ կրկին ունեցել ենք սոցիալական աշխատողների մասնագիտական ինքնադրսևորման անհրաժեշտությունը։
Ինչպես բազմիցս նշել եմ, սոցիալական պաշտպանության ոլորտում պետության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումն ու զարգացումը շարունակում է առանցքային լինել։
Եվ այս նպատակով՝ պարբերաբար կազմակերպվում և իրականացվում են սոցիալական աշխատողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված ուսումնական դասընթացներ, որոնք նպատակ ունեն նպաստել առավել որակյալ և հասցեական սոցիալական ծառայությունների տրամադրմանը։
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում այն ամենօրյա դժվարին աշխատանքի համար, որն իրականացնում եք՝ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հզորացմանը»։