«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նույնիսկ համեմատաբար «ճշտախոս» ու մտավորական համարվող թուրքերն են ընդունում, որ Թուրքիայում ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները: Ինքնին հասկանալի է, որ տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող Թուրքիայում, այն էլ՝ էրդողանյան իշխանության հանգամանքը նկատի ունենալով, դժգոհությունները փորձելու էին ուղղորդել և ուղղորդում են դեպի այլ ազգերի նկատմամբ ատելության հուն:
Ի մասնավորի, «Ալֆա-նյուզի» «Իրական Թուրքիա» ծրագրին տված հարցազրույցում նման հատկանշական օրինակ բերեց թուրք գրող Քադիր Աքընը՝ նշելով, որ օրերս թուրքական կառավարությունը, տնտեսական ճգնաժամից ելնելով, հայտարարել է, որ նրանք, ովքեր 100 հազար լիրայից ավելի գումար ունեն բանկային քարտերի վրա, պետք է նոր հարկ վճարեն տարեկան 750 լիրայի չափով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար:
Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։