Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը քաղաքացին ավտոմեքենայով մտել է Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի տարածք և այնտեղ նրան ծեծի են ենթարկել։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության խումբը։
Տեղում պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի հաճախորդ, Բելգիայի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ալիկ Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է նշված ակումբի երգիչ, Երևանի բնակիչ 34-ամյա Էլվիս Օյեսոլայի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից հետո Ալիկ Հ․-ն դուրս է եկել ակումբից և իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ակումբի ապակյա դռանը, կոտրել է այն և դիմել է փախուստի:
Փետրվարի 3-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները Մյասնիկյան պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Էլվիս Օ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։