Կարևոր իրադարձություններ

40 մլն դոլար վարկ՝ ուղղված Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը

16 Հոկտեմբեր, 2015 16:53
40 մլն դոլար վարկ՝ ուղղված Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին