Մամուլում վաղուց արդեն քննարկվում է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը: Այսօր aravot.am-ը հրապարակել էր մի հետաքրքիր տեղեկատվություն առ այն, որ «Համախմբում» կուսակցությունը հանդիպում է ունեցել Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի հետ:
ԶԼՄ-ներում բազմիցս քննարկվել է նաև այն, որ Ծառուկյանը վերադառնալուն պես մաքրելու է կուսակցության շարքերն այն մարդկանցից, ովքեր նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ոչ միանշանակ էին իրենց դրսևորել կուսակցության ղեկավար Ծառուկյանի հանդեպ: Ակնհայտ է, որ Բարգավաճ Հայաստանը երբեք չի համագործակցի «Համախմբում» կուսակցության հետ: aravot.am-ի հարցին պատասխանելով Նաիրա Զոհրաբյանը հաստատել է, որ հանդիպումը եղել է ոչ թե կուսակցական հարթությունում, այլ՝ անձնական:
Նաիրա Զոհրաբյանը Shabat.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո իրեն և Միքայել Մելքումյանին կհեռացնեն ԲՀԿ-ից, նշեց, որ դա անհեթեթություն է և ինքը չի պատրաստվում նման տեղեկությունները մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Aravot.am-ը հաղորդել էր, որ «երեկ երեկոյան, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ԲՀԿ-ից դուրս եկած եւ «Համախմբում» կուսակցությունը ձեւավորած Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում ինչ-որ հարցեր էին քննարկում։ Հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունների դիրքավորումներն ու հնարավոր համագործակցությունները, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք՝ արդյոք նշյալ հանդիպում-քննարկումը ԲՀԿ-«Համախմբում» ապագա առավել համագործակցության համատեքստում կարելի՞ է դիտարկել, մանավանդ, մեծ քաղաքականություն ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի ֆոնին։ «Մենք բացի պատգամավոր եւ քաղաքական գործիչ լինելուց նաեւ ընկերներ ենք, ուստի շատ հարցեր կարող ենք քննարկել՝ սկսած քաղաքական հարցերից, մինչեւ ոչ քաղաքական, ինչը եւ արել ենք»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը»։