ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագրով․ միջոցառումն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են այցելել տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։
Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ և ամենակարևոր գործոնի մասին, որն, ըստ վարչապետի, նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար. «Իմ կարծիքով, և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները, սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ: Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»։
Երեխաների պարտադիր կրթության ապահովման, կանանց տնտեսական զորեղացման, սոցիալական արդարության գաղափարի կարևորության և մի շարք այլ թեմաների է անդրադարձել նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը․«Կարծում եմ, որ արժանապատիվ աշխատանքը շատ կարևոր է սոցիալական արդարության համար, և պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որտեղ բոլորը կարող են աշխատել արժանապատվորեն և իրենց ներդրումն ունենալ իրենց համայնքների զարգացման գործում։ Մարտահրավերները բարդ են, և մենք պետք է այնպիսի քաղաքականություններ մշակենք, որոնք կպաշտպանեն նաև երեխաների իրավունքները, կապահովեն նրանց համար որակյալ կրթություն ու դուրս կբերեն աղքատությունից»։
Ընդգծելով սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը հասարակության արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում նշել է, որ այս նպատակին հետամուտ՝ ՀՀ կառավարությունը 2018 թվականից ի վեր մեկնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Նախարարն ընդգծել է, որ գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության, աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր։
«Այսօր հնարավորություն ունենք մեկ հարկի տակ համախմբել տարբեր երկրների ներկայացուցիչների, ովքեր ունեն զգալի ներդրում և արժեքավոր ասելիք, ում փորձն ու գիտելիքը կարող է դառնալ հրաշալի օրինակ բոլորիս համար։ Լիահույս եմ, որ համաժողովը մեզ նաև հնարավորություն կտա միասին լուծումներ գտնել սոցիալական արդարության սկզբունքների իրականացման համար»,- նշել է նախարարը։
Իր խոսքում Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին ևս խոսել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ նրանց պարտադիր կրթության իրավունքի իրացման ու երեխաների աշխատանքի դեմ պայքարին ուղղված իր նախաձեռնությունների մասին։ Անդրադառնալով արժանապատիվ աշխատանքի գաղափարին՝ բանախոսը շեշտել է նաև արժանապատիվ աշխարհ ունենալու կարևորությունը․
«Արժանապատիվ աշխատանքի հայեցակարգի հիմքում կարևոր են հետևյալ չորս պարտադիր սկզբունքները՝ ազատություն, հավասարություն, ապահովություն և արժանապատվություն։ Այս հիմնարար դրույթները պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանք պատշաճ կիրառվեն։ Սա պետք է լինի համաշխարհային հանձնառություն, և եթե մենք խոսում ենք կայուն զարգացման նպատակների մասին, այս բոլորը պետք է խարսխված լինեն այս հանձնառությանը»,- նշել է Քայլաշ Սաթյարթին։
Համաժողովի ընթացքում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով անցկացվել է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ են ունեցել երեխաների աշխատանքի և կրթության, զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականության, կանանց տնտեսական հզորացման և սոցիալական արդարության, ինչպես նաև սոցիալական արդարության և GIG տնտեսության դերի վերաբերյալ։
«Երեխաների աշխատանք և կրթություն» խորագիրը կրող պանելային քննարկմանը բանախոսել են ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը․ քննարկվել են երեխաների աշխատանքի և կրթության հասանելիության միջև կապին, երեխաների ներգրավմամբ աշխատանքը վերացնելու համար պահանջվող միջազգային լավագույն փորձին և քաղաքականությանը, ինչպես նաև երեխաներին բռնությունից և շահագործումից պաշտպանելու գործում հասարակություններին առնչվող մի շարք հարցեր։
«Զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականություն» խորագիրը կրող պանելային քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Solidarity Center-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տետիանա Սոլոդովնիկը, Skill India հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի գործադիր տնօրեն Աջայ Կումար Ռաինան, ԱՄԿ գենդերային հավասարության և խտրականության հարցերով մասնագետ Օզգե Բերբեր-Ագթաշը։ Քննարկումը վարել է «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել տարբեր երկրների աշխատաշուկաներում այս պահին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն առնչվող մի շարք հարցերի, ներկայացվել են այս ուղղությամբ լավագույն փորձն ու քաղաքականությունները։
«Կանանց տնտեսական հզորացում և սոցիալական արդարություն» խորագիրը կրող պանելային քննարկմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։ Իսկ արդեն պանելային քննարկմանը բանախոսել են Իսլանդիայի հանրապետության առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Արքայադուստր Մայա վոն Հոհենցոլլերնը, AGFUND-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ Քահթանին, Ցե-կվադրատ Ամպեգա ներդրումային վերլուծաբան Շուշաննա Առաքելյանը․ քննարկումը վարել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը: Բանախոսների մասնակցությամբ քննարկվել են կանանց տնտեսական հզորացման ապահովման կարևորությանը, բարձր արտադրողականության ոլորտներում նրանց ներգրավվածության խթանմանն առնչվող մի շարք հարցեր. անդրադարձ է կատարվել նաև կանանց տնտեսական զորեղացման անհրաժեշտությանը' սոցիալական արդարության գաղափարի շրջանակում սահմանված նպատակներին հասնելու գործում։
«Սոցիալական արդարությունը և GIG տնտեսությունը. GIG տնտեսության դերը» խորագիրը կրող պանելային քննարկմանը բանախոսել են ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Ծոցի երկրների կառավարությունների խորհրդական Ջորջիո Տորրեն, Startupscale360 կազմակերպության գործադիր տնօրեն Սվեթալ Կումարը, GITC գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։ Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը վարել է Yandex Armenia կազմակերպությունից Տիգրան Գասպարյանը: Բանախոսների մասնակցությամբ քննարկվել են մի շարք հարցեր' աշխատաշուկայի, աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման գործում GIG տնտեսության ունեցած ազդեցության և դերի վերաբերյալ։
Համաժողովին հաջորդել է Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառումը, որի շրջանակում ոլորտի լավագույն մասնագետները պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշադրամներով։