Կարևոր իրադարձություններ

Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

05 Նոյեմբեր, 2024 21:24
Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:

Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել էԱրագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Հյուրերը նախ հետևել են Ապարան համայնքի արվեստի դպրոցի սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել են համերգային ծրագիրը, որի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության արդյունքում ձևավորված միացյալ համույթներն ու նվագախմբերը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մանկավարժներին ու սովորողներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:

«Հրաշալի ծրագիր էր. անկրկնելի զգացողություններ ապրեցինք: Նախարարությունը կրթամշակութային շուրջ երկու տասնյակ ծրագրեր է իրականացնում, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որպեսզի մենք շարունակենք խրախուսել տեղերում առկա ներուժն ու դրա զարգացման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արդեն իսկ ունենք արվեստի և երաժշտական հրաշալի դպրոցներ բոլոր մարզերում և Երևանում: Մենք պարզապես հարթակ ենք տրամադրում, որպեսզի մարդիկ միասին ստեղծագործեն՝  ձևավորելով միջավայր, որից, առաջին հերթին, շահում են երեխաները: Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր և ամենաազդեցիկ ձևերից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ծրագրի իրագործումը։

Մինչ քույր դպրոց այցելությունը՝ մարզաբնակ երեխաները շրջել են Հայաստանի պատմության թանգարանում, հետևել «Մայր աստվածություն․ Անահիտից՝ 

Մարիամ» խորագրով ցուցադրությանը, ինչպես նաև այցելել Երևանի տեսարժան վայրեր:

Նշենք՝ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 3000 սովորողների և մանկավարժների:

Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցները մարզերի քույր դպրոցների հետ իրականացնում են հագեցած մշակութային ծրագրեր, վարպետության դասեր, ճանաչողական այցելություններ:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը կեզրափակվի նոյեմբերի 8-ին՝ Կապանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երևանյան 2-օրյա այցելությամբ, որի շրջանակում կիրականացվեն ճանաչողական այցեր Երևանի տեսարժան վայրեր և թանգարաններ, իսկ Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում Սյունիքից ժամանած հյուրերի համար կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվեն համատեղ համերգային ծրագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին