Կարևոր իրադարձություններ

Իշխանություններին չեմ հայհոյել, կրկնել եմ Համո Սահյանի բառերը. Շաբաթը Արամ Մանուկյանի հետ (լուսանկարներ)

11 Սեպտեմբեր, 2016 13:43
Իշխանություններին չեմ հայհոյել, կրկնել եմ  Համո Սահյանի բառերը. Շաբաթը Արամ Մանուկյանի հետ (լուսանկարներ)

Shabat.amշարունակում է իր «Շաբաթը՝քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից  դուրս  այլ  թեմաներից ևս:

Մեր հյուրն այս անգամ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է, ով հանդիպմանը եկել էր որդու՝ Արենի հետ: Արենը հոր մասին շատ խոսել չի սիրում: Միայն ասաց, որ ամբողջությամբ կիսում է հոր գաղափարները, ինքն էլ նույն պրոցեսների մեջ է: Արամ Մանուկյանի որդին մասնագիտությամբ արևելագետ է, քաղաքագետ, լեզբաբան, սակայն աշխատում է հասարակական ոլորտում:

Անկախության հռչակագրի ընթերցումը շրջադարձային է եղել Ձեր կյանքում: Ձեզ մշտապես ասոցացնում են հենց հռչակագրի ընթերցման հետ: Պատրաստվո՞ւմ եք փոխել այդ կարծրատիպը և նոր նմանատիպ որևէ գործողությամբ արդեն տպավորվել մարդկանց ենթագիտակցության մեջ:

Ո՛չ, Աստված նման նախախնամություն մի անգամ է տալիս մարդուն: Դա ոչ թե իմ, այլ մեր ժողովրդի համար աստեղային էր։ Անկախացավ Հայաստանը և հռչակելու պատիվը, բախտը, երջանկությունը ինձ է վստահվել: Եվ Աստված չանի նմանատիպ թղթի կարիք լինի հետո: Հռչակագիրը կա և հարկավոր է դա պահպանել։ Հռչակագրի ընդունմանը նախորդել  է տասնյակ սերունդների երազանք, որին ձգտել են ու չեն հասել: Եվ ինձ, մեր սերնդին բախտ է վիճակվել այդ երազը իրականացնել: Փառք Աստծո, մենք ունենք այդ անկախության պահպանելու վճռականությունը, պայքարում ենք դրա իրականացման համար, պայքարում ենք այն մարդկանց դեմ, ովքեր խանգարում են դրա իրականացմանը: Եվ փառք եմ տալիս նաև այն առումով, որ կա սերունդ, որոնց հետ ձեռք ձեռքի տված մենք պահելու ենք անկախությունը:  Կա սերունդ, որը հանգիստ կարող է այդ էստաֆետը վերցնել ու անկախական գաղափարները իրականություն դարձնել: Եղել են պատմության մեջ օրինակներ, երբ անկախությունը չի փոխանցվել անգամ երկրորդ, երրորդ սերունդներին։ Նույնիսկ հռչակագիրը կարդալիս մտավախություն կար, որ հանկարծ այնպես չլինի, որ առաջին հանրապետության ճակատագիրը մեր գլխին էլ գա։ Այդ ժամանակ դեռ սովետը կար իր ամբողջ ուժային կենտրոններով և փորձում էր ոչնչացնել, ճնշել մեր ժողովրդի շարժումը: Սակայն ժողովրդական շարժումը ճնշվելու փոխարեն ավելի մեծ թափ հավաքեց, որն էլ ի վերջո բերեց անկախության։ ԽՍՀՄ դեմ պայքարում մեզ ավելի էր ուժեղացնում արևելյան Եվրոպային, Բալթյան և մյուս երկրների անկախական շարժումները։ Եվ այդ պրոցեսը միայն հայկական չէր․ համաշխարհային պատմության կարևոր դրվագներից էր, որին մաս կազմեց նաև հայ ժողովուրդը։

Դուք համարձակվեցիք ամենաբարձր ամբիոնից հայհոյել իշխանություներին , ինչպե՞ս չվախեցաք, ո՞րն էր նման ծայրահեղ դրսևորման դրդապատճառը, արդյոք դա ինքնաբո՞ւխ ստացվեց:

Ես չեմ հայհոյել, ես կրկնել եմ Համո Սահյանի բառերը, գնացեք, բացեք՝ Համո Սահյանը ունի՝ «իրանց տիրումերերը»: Դա հայհոյանք չէ, դա ժողովրդական ֆոլկլյոր է: Ես միշտ իմ խոսքի մեջ ժողովրդական ֆոլկլորն օգտագործել եմ: Եվ եթե մարդը դա ընկալել է որպես հայհոյանք, դա տգիության արդյունքն է: Իմ բոլոր ելույթները ինքնաբուխ են, ես երբեք ելույթ չեմ գրել, որովհետև անկեղծ խոսքը և առավելևս զգացմունքային խոսքը դու չես կարող գրել։ Ես համարում եմ իմ առավելություններից մեկը անկեղծ ելույթները: Այդ անկեղծության մեջ է, որ ես հաճախ շահել եմ: Միշտ այսպես եմ արել՝ սյուները կառուցել եմ ելույթիս, շաղախը մեջի լցրել եմ խոսելու ընթացքում: Եթե ես կարդալով և նախապես գրած ելույթներ ունենայի, այդպիսի հաջողություն չէր լինի: 

«Սասնա ծռերի» գործողությունների առնչությամբ ժողովուրդը մեծ արձագանքի էր սպասում քաղաքական ուժերից, ձեր կողմից էական որևէ գործողություն չարվեց, ո՞րն էր այդ լռության պատճառը:

Ես և մեր կուսակցությունը մեզ համարում ենք շատ լուրջ, պատասխանատու քաղաքական ուժ: Ես ուղղակի այդ օրերին վախենում էի, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չլինի՝ այն դեպքում, երբ ռեալ ագրեսիայի վտանգ կար սահմանի վրա, որը չի վերացել, այս պահին գտնվում ենք  շատ լարված, վտանգավոր զարգացումների շեմին: Մենք Ղարաբաղում հաջողություններ միշտ ունեցել ենք այն ժամանակ, երբ  Արդբեջանում խառն է եղել:   Հարկավոր է զգույշ լինել: Եվ որպես պատասխանատու ուժի ներկայացուցիչ, որպես պատասխանատու մարդ, որպես ինֆորմացիա ունեցող մարդ՝ մեր անելիքը պետք է լիներ այն, որ զարգացումներ չլինեին վատթարագույնը, աղետի չվերածվեր, իսկ դրա վտանգը կար, այդ էր պատճառը որ մենք փորձում էինք լարումը գցել, ոչ թե մեծացնել: Եվ կոչով դիմեցինք բոլորին՝ հնարավորինս խաղաղ և արագ հանգուցալուծման գնալ և լավ էր, որ այդպես ավարտվեց:

Արդյոք 4+4+4-ի բանակցությունների արդյունք հանդիսացող համաձայնագրի տապալումը դաս չեղա՞վ՝ նույն գետը երկրորդ անգամ չմտնելու և իշխանության հետ նոր քննարկումներ չսկսելու համար:

Ո՛չ, դաս չեղավ, որովհետև մեր նպատակը լավ օրենք  ունենալն է: Ընտրական լավ օրենք ունենալը երկու բան է տալիս՝քաղաքացու հույսն է բարձրանում և հնարավորություն է տալիս խաղաղ իշխանափոխության: Մենք այսօր երկուսն էլ չունենք: Սասնա ծռերի և շատերի դրսևորումը հենց այս անհուսության, անճարակության դրսևորումն է: Եվ եթե մենք ունենանք լավ օրենք, լավ ընտրական օրենսգիրք, դա լավագուն միջոցն է խաղաղ իշխանափոխություն անելու, ինչից կշահի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ երկիրը առաջին հերթին: Քաղաքացու մեջ Հայաստանում տարածված է հետևյալ ցավոտ , պեսիմիստական մոտեցումը, որ իշխանությանը ընտրություններով չես գցի, որ մեկ է՝ մենք գալիս քվեարկում ենք, դուք չեք պահում, կամ Պողոսը ընտրվում է, Պետրոսը՝ դառնում: Եթե մենք կարողանանք ընտրական օրենսգիրքը բարելավել, երկու խնդիր կարող ենք տեղից շարժել՝ խաղաղ իշխանափոխություն և քաղաքացու հույսի բարձրացում: Հավատացեք՝ սա է երկիր պահողը: Եթե քաղաքացին զգում է, որ ինքը միջոց է երկրում խնդիր լուծելու, իր ձայնն աշխատող է, ինքը կարող է գնալ և քվեարկել իր սիրելի քաղաքական ուժին կամ մարդուն, այդ երկիրը կարող է ապրել:

Ձախողվեց առաջին փուլը, առաջին փուլի ստորագրման ժամանակ երևի մի յոթ անգամ ձախողում է եղել, բայց չենք հանձնվել և այս պահին էլ երբ ձեզ հետ խոսում եմ, էլի այդ բանակցությունները գնում են և մենք փորձելու ենք հասնել օրենքի փոփոխության՝ մասնավորապես ցուցակների հրապարակումը: 15 տարի ես իշխանություններից պահանջում եմ, որ քաղաքացիների ցուցակները, որոնք մասնակցել են ընտրությանը, հրապարակվի հաջորդ օրը: Սա եթե հրապարակվում է, ամբողջ հայ ժողովուրդը կարող է նայել և ասել, որ իմ տեղը ուրիշը քվեարկել է: Եվ եթե մենք հասնենք դրա հիման վրա դատական գործի և պատասխանատվության կանչենք այդ կեղծիքներն անողներին, սա կլինի լուրջ գործ: Այնպես չէ, որ մենք ճակատով գնում ենք պատին ենք տալիս, ո՛չ. այդ գործին աջակցում են միջազգային կառույցները՝ ԵՄ-ն  և քաղաքացիական հասարակությունը: Մեզ չսիրելով անգամ իշխանությունը գնալու է այս քայլին՝ ստիպված է գնալու: Եվ ես վստահ կունենանք  փոփոխություններ: Գուցե վերջին լավատեսը ես եմ, բայց մենք չենք հանձնվելու: Լավատեսությունը թույլ է  տալիս քեզ պայքարել, կռիվ տալ: Եթե թևերդ թափ տվեցիր, քեզ կխփեն, կքցեն: Լավատեսությունն իմ զենքն է:

Իսկ ինչի՞ց Դուք կարող եք հուսահատվել:

Հուսահատվում եմ շատ բաներից, անհաջողությունից, ընկերոջ դավաճանությունից, ցանկություներդ չիրագործելուց, չորս կողմդ կեղտի շատությունից: Աստված տվել չի խնայել՝ հուսահատվելու, հիասթափվելու, դառնանալու այնքա՜ն նյութ կա:
 
Իշխանությունը մշտապես բարձրաձայնում է, որ ժողովուրդը հոգնել է ընդդիմությունից, որ իսկական ընդդիմություն չկա: Փորձելո՞ւ եք վերականգնել ՀԱԿ-ի նախկին ընդդիմադիր կեցվածքը, թե՞ այսպես էլ է հնարավոր անցնել հաջորդ խորհրդարան ու շարունակել սկսածը: Վերլուծե՞լ եք ՀԱԿ-ի շանսերը:
 
Այն որ փոփոխության կարիք կա, ակնհայտ է: Այն որ իշխանափոխության անհրաժեշտությունը օդ ու ջրի նման պետք է, փաստ է: Այն, որ հասարակության մեջ ատելության կոնսենսուս կա իշխանության նկատմամբ, դա էլ է ակնհայտ: Ուրեմն խելոք կլինի այն քաղաքական ուժը, այն լիդերը, որը կկարողանա այդ ամբարված էներգիան դարձնել  քվեաթերթիկ և գնալ իշխանափոխության: Ո՞վ կարող է անել այդ գործը՝ հալալ է իրեն: Մենք փորձում ենք այդ դերը վերցնել մեր վրա։ Մենք անում ենք երբեմն քայլեր, որոնք հասարակ աչքի համար թվում է, թե դու ընդդիմադիրից շեղվել ես: Մասնավորապես ապրիլի 2-ի դեպքը: Մենք ապրիլի 2-ին քայլ կատարեցինք, որը շատերը ընկալեցին որպես իշխանության հետ համագործակցություն, բայց երանի հասկանան, որ այստեղ իշխանության խնդիրը չէ, այլ երկրի ու պետականության խնդիրը, որի համար մենք դողում ենք, փայփայում: Թքած ցանկացած իշխանության վրա, որի դեպքում դու կորցնելու ես քո անկախությունն ու պետականությունը: Մենք արժեք համարում ենք պետությունը, պետականությունը, անկախությունն է: Սրանից ներքև մնացածները  ոչինչ են, եթե սա չկա: Ինչ վերաբերում է այս իշխանությունների հետ համագործակցությանը, մենք դա բացառում ենք՝ իմանալով նրանց հանցագործ էությունը։
 
 
Ինչպե՞ս են անցնում Ձեր հանգստյան օրերը, կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:
 
Բնության գրկում՝ ընկերներիս հետ: Շաբաթը մեկ ես ինձ թույլ եմ տալիս չզբաղվել ոչնչով: Ընկերներիս հետո բնության գրկում լինել՝ թեկուզ մի կտոր հաց ու պանիրով, կամ մի բաժակ խմելով, խարույկ վառելով: Իսկ մեծ արձակուրդներս անցակցնում եմ այս թոհուբոհից կտրված, բնության մեջ՝ հիմնականում նկարելով: Ես նաև նկարիչ եմ, լավ նկարներ ունեմ, բայց ոչ մեկը դրանք չի տեսնում:
 
 
Իսկ ի՞նչ թեմատիկա է գերակշռում Ձեր նկարներում:
 
Բնություն: Ես նատուրալիստ եմ, բնության ծնունդ եմ: Ես ծնվել եմ Վանաձորում և իմ ամբողջ մանկությունը անցել է անտառում՝ բնության մեջ: Մեր տունը անտառի տակ էր և ես ամեն առավոտ վազել եմ, մարզվել եմ, պարապել եմ, թռչուններին լսել եմ, ծառերի հետ խոսել եմ: Դրանից հետո միշտ մտնում էի գետը լողանում, թեկուզ ձմեռը՝ սառույցը ջարդելով: Այնպես որ ես երկու ծնողներ ունեմ՝ մեկը իմ ծնողներն են, մյուսը՝ բնությունը: Իմ լիցքաթափման, ստեղծագոծական, հանգստի բոլոր գործիքները բնության հետ են կապված: Դրա համար իմ նկարներում կամ ծառ-ծաղիկ է պատկերված, կամ ծով:
 
 
Ինչո՞վ են զբաղվում Ձեր ընտանիքի անդամները, երեխաները:
 
Ես անկախություն հռչակելուց հետո ինձ համար մի մինիմալ ընտանեկան խնդիր եմ դրել՝ գոնե երկու քաղաքացու անկախ դաստիարակել: Դա իմ տղան ու աղջիկն են: Եվ ես կարողացա այնպիսի միջավայր ստեղծել, որ իրենք են ամբողջությամբ իրենց հարցը որոշողները: Երկուսն էլ կարողացան շատ լավ կրթություն ստանալ: Արենը արաբագետ է, սովորել է Սիրայում , հետո պրակտիկա է անցել Եգիպոսում: Հետո Լեհաստանում քաղաքագիտության բարձրագույն կրթություն ստացավ: Աղջիկս՝ Մանեն, լրագրություն է սովորել ԵՊՀ-ում, ապա կրթությունը շարունակել է Բեռլինում, Նիցում: Այս ամենի համար ես ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Ոչ միայն չեմ ծախսել, այլև որտեղ սովորել են, իմ աղջիկը ու տղան պարտադիր թոշակ են ստացել և իրենք են իրենց խնդիրները լուծել: Ես նպատակ էի դրել, որ իրենք դառնան ինքնուրույն, կազմակերպված ու գրագետ, ես այդ բազան դրել եմ և իրենք գնացել են: Աղջիկս ու տղաս այստեղ չէին կարող աշխատել պետական հիմնարկում նման կրթությամբ՝ պետական հիմնարկները փակ են ընդդիմադիրների երեխաների համար:
 
 
Աղջիկս մրցույթով աշխատանքի տեղավորվեց Լոնդոնում: 6000 հոգու մեջ է հաղթել: Նա Iflry` միջազգային երիտասարդական լիբերալ ֆեդերացիայի գործադիր տնօրենն է: Այնտեղ աշխատանքի պայմանագիրը երեք տարի էր: Երեք տարուց հետո այդ կառույցը, խախտելով իր կանոնդրությունը, դիմեց, որ ինքը երկարացնի պայմանագիրը և այն աստիճանաբար երեք տարուց վերածվեց 6 տարու: Ես չէի կարող ազդել այդ կառույցների վրա, ուզում եմ հինմնավորել, որ ոչինչով այդ մասով օգտակար չեմ եղել : Մեր տանը կա երկու ինքնուրույն, հզոր, ազատ քաղաքացի, ովքեր իրենց գլխի տերն են, իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Դա է մեր ընտանիքի երջանկությունը, թեպետ սրա պատճառով է, որ երկուսն էլ դեռ չեն ամուսնացել:
 
 
Կինս երաժշտության ուսուցչուհի է: Քաղաքականապես և առհասարակ շատ ակտիվ մարդ է: Եվ մեր կապն էլ դրա վրա է կայացել՝ ազատ, ինքնուրույն, փոխադարձ հարգանքի շաղախով լեցուն ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր սկզբունքը, մոտեցումները:
 
Ովքե՞ր են Ձեր ընկերները քաղաքականության մեջ, իշխանականների մեջ ունե՞ք ընկերներ:
 
Ո՞նց կարող է իշխանականի մեջ ընկեր լինել, եթե այդ իշխանականը քո երկրի հերն անիծում է: Մարդկային հարաբերություններ կան, բայց ես ընկեր չեմ կարող համարել մարդկանց, որոնք բերանները ջուր առած, նայում են, թե ոնց է երկիրդ կործանվում: Բարև-բարլուս բոլորի հետ կա, մարդկային առումով չունեմ մեկը, որին հայհոյեմ կամ չբարևեմ, բայց ընկերները մաքուր քաղաքական են: Ընդ-որում իմ բոլոր ընկերները քաղաքական են, որովհետև եթե ընկեր ես ու իմ գաղափարը չես կիսում, ո՞նց կարող է այդպես լինել: Չե՞ս տեսնում, որ արտագաղթ է, չե՞ս տեսնում, որ գողանում են, սպանում են, օրը մի զինվոր է մահանում: Այն ինչո՞ւ պիտի խաղաղ պայմաններում ամեն օր զոհ ունենաս, հաստատ ուրիշ տեղ է չէ՞ պատճառը: Այդ ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք՝ չխոսե՞ս, չասե՞ս: Իսկ եթե չես ասում, ուրեմն քո ստամոքսի խնդիրն ե՞ս լուծում, գնա լուծիր, ինձ հետ գործ չունես: Այդ առումով, ես ունեմ շատ մարդիկ, բարեկամներ, ընկերներ, որոնց հետ ուղղակի չեմ շփվում, որովհետև կողքս չեն, իմ պես չեն մտածում, կամ եթե մտածում են, ապա միայն սեղանի շուրջ, մենակ կենացի ձևով են ժողովրդի կենացը բարձրացնում ու մեկ էլ հայհոյում են, երբ ուրիշ լսող չկա: Իմ բոլոր ընկերները գաղափարի ընկեր են:
 
 
Կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ ու ի՞նչն է Ձեզ երջանկացնում:
 
Իմ բախտի, նախախնամության: Ինձ տրված այդ պատեհությունների համար: Երջանկությունը հետո կգա, երբ մեր ուզած երկիրը մի փոքր ավելի իրականությանը մոտ կլինի, ոչ թե երազանք:
 
Ո՞րն է եղել ամենամեծ ու կարևոր քաղաքական դասը, որ Ձեր ողջ գործունեության ընթացքում ստացել եք:

Հաստատուն, անփոփոխ լինելը: Նպատակային, գիտակցված, կազմակերպված գնալը և աշխատելն այդ նպատակն իրագործելու համար: Չծռվելը, որովհետև մեր քաղաքական դաշտը հիվանդ է թիթեռնիկի կենսակերպով՝ այսօր այս ծաղիկը, վաղը՝ մյուս: Այսօր կայուն մարդը դիֆիցիտ է: Դրա համար կայուն, հաստատակամ, նվիրված լինելը գաղափարներին  այսօր ցավալիորեն արժանիք է: Այսինքն ցավալի է, որ իրավիճակն այնպիսին է, որ դա դառնում է արժանիք:

Հիմա ընդդիմությունն է ուժեղթե իշխանությունըո՞րն եք համարում ընդդիմության ամենաթույլ կողմն այսօր:

Երկուսն էլ թույլ են  հիմա, որովհետև թույլ է երկուսին էլ սնուցող հասարակությունը: Չնայած՝ պոռթկումներ լինում են. հանրաքվեի ժամանակ մեր ժողովուրդն իրեն պահեց քաղաքացու նման: Քաղաքացի ասվածն ինձ համար բարձր արժեք է: Քաղաքացին պետք է   վերահսկողություն սահմանի և իշխանության և կուսակցությունների վրա: Իսկ երբ քաղաքացին զրկված է իշխանություն ձևավորելու, վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից, թույլ է նաև քաղաքական համակարգը, կուսակցությունները՝ ընդդիմադիր թե իշխանական։ Քաղաքացին, երբ չի կարողանում իրացնոլ իր իրավունքը, կամ հիասթափվում է, կամ դուրս է գալիս պայքարի։ Հիասթափված քաղաքացին չի կարող նորմալ իշխանությւն ձևավորի։ Պայքարող և գիտակից քաղաքացին է, որ կարող է ձևավորել թե ուժեղ իշխանություն, թե ընդդիմություն։

Գիրքոր միշտ ձեռքի տակ եք պահում:

Այդ գրքերը շատ են: Անընդհատ կարդում եմ: Ցավոք, ժամանակի սղության պատճառով  վերջին շրջանոմ գեղարվեստական գրքեր հաճախ չեմ կարողանում կարդալ և հիմնականում կարդում եմ քաղաքագիտական գրքեր, հոդվածներ։ Այսօր կարդացել եմ Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը, որը 15 տարի առաջ ես եմ կազմակերպել: Հրանտի հետ ընկերություն եմ արել: Իմ բախտը բերել է, ես շատերի հետ եմ շփվել…Կարդում եմ և հպարտ եմ, որ ունեցել եմ նման ընկերներ: Նրանց մեջ Հրանտ Մաթևոսյանն է առանձնացնում: Հրանտ Մաթևոսյանն իմ մասին լավ բաներ է գրել: Իմ բոլոր նախընտրական բուկլետների վրա՝ առաջին էջին միշտ գրել եմ Հրանտի բառերը՝ «Արամ Մանուկյանին կարելի է ճակատագիր վստահել»: Մի գիշեր՝ ես, Հրանտը, Հրանտի կինը՝ Վերժիկը և իմ աղջիկը՝ Մանեն նստել ենք սրճարանում, ես ու Հրանտը խմում էինք: Հրանտը պատմում էր, աղջիկս ձայնագրում էր: Հրանտը հուզվում էր, արցունքներ էր գալիս, Վերժիկն ասում էր՝ այ տղա, ամոթ է…Ու մի ամբողջ գիշեր, մինչև առավոտ, Հրանտը պատմեց-պատմեց, աղջիկս գրեց-գրեց: Աղջիկս հետո դա տպեց Բեյրությում: Հրանտը լավ ժառանգություն ունի: Դժվար է Հրանտին հասկանալը: 

Երբևէ պատկերացրել ե՞ք Ձեզ քաղաքականությունից դուրսԿա՞ մի բան,որ կարող է Ձեզ ստիպել հեռանալ:

Նկարչությունը, երաժշտությունը, մանկավարժությունը կարող են ստիպել: Միշտ երազել եմ այդ գործով զբաղվել, բայց միևնույնն է,  քաղաքականությունն է իմ տեղը: Գուցե նկարեի, վաճառեի, ավելի լավ ապրեի, բայց չէ՛, դժվար, չէի կարող: Ինքս ինձ դավաճանած կլինեի, որ և՛ նկարեի, և՛ նայեի ինչ է կատարվում Հայաստանում:

Ո՞րն է եղել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից ստացած ամենամեծ ու կարևոր խորհուրդը:

Ես բախտավոր եմ՝ տարիներ շարունակ շփվել եմ, և մինչև հիմա էլ սովորում եմ նրանից: Լևոն Տեր-Պետրոսյանին համարում եմ գիտնական, քաղաքական գործիչ, հեռատես, խոհեմ, մտահոգ, լավ մարդ: Լևոն Տեր-Պետրոսյանը մեր հասարակությունում  շատերի համար երբեմն հասկանալի չէ: Այն, որ Հրանտ Մաթևոսյանի համար ասում եմ՝ եթե դու հասկանում ես Հրանտին, ուրեմն դա պատիվ է բերում քեզ, նույնը կարող եմ ասել՝ երանի մեր ժողովուրդը ամբողջությամբ հասկանար Տեր-Պետրոսյանին: Հասկացողին պատիվ կբերեր:

3 առանձին, մշտական հարցեր
 
Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:
 
Ինձ կկարգեի մշտապես փոփոխություն անող: Այսինքն այնպես կանեի, որ այդ մեկ օրը դառնար հավերժ (ծիծաղում է):
 
Կյանքի ամենամեծ ձախողումը:
 
Չունեմ: Ոչ մի ձախողում չունեմ: Ունեցել եմ կորուստներ, հիասթափություններ, բայց դա ձախողում չեմ համարում: Ես հաջողված մարդեմ, երջանիկ մարդ եմ իմ գործունեության, իմ ընտանիքի, գաղափարների, տեսակի համար:
 
 
Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:
 
Այն, ինչ ունեմ, ինձ հերիք է: Իմ բարությունը, լավատեսությունը, աշխատասիրությունը, գաղափարին նիրվածլինելը ինձ հերիք են, այդ գործիքները ինձ բավարարում են: Դրանից ավել չեմ ուզում: Աստված մարդուն տվել է կամք, այդ կամքը օգտագործիր, կլինես գերբնական: Բարության նման ուժ է տվել մարդուն,բարությունդ օգտագործիր, տեսնեմ քեզնից ուժեղ զենք ո՞վկարող է ունենալ:
 

Կարինա Սահակյան

Խաչատուր Էլլոյան

Տաթև Այվազյան

 

 
 
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին