Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ Վարդենիսում բացվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

30 Հոկտեմբեր, 2015 15:39
ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ Վարդենիսում բացվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Այսօր ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ընկերակցությամբ մասնակցելով Վարդենիսի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը՝ ֆերմերների, անասնաբույժների և գյուղատնտեսությամբ զբաղվող այլ անձանց շրջապատում հայտարարել է, որ դեսպանությունը մեկնարկում է միամսյակ նվիրված գյուղի ու գյուղատնտեսության զարգացման հարցերին:
ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման այս նոր կենտրոնը մեկն է այն երկու կենտրոններից, որ կառուցվել են Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում:  

«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է, - ասել է դեսպան Միլսը, - դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»:

Դեսպանի կողմից բացված Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը խորհրդատվական ու բիզնեսի հետ կապված աջակցություն կցուցաբերի անասնաբույժներին, ֆերմերներին և ագրոբիզնեսի ներկայացուցիչներին՝ անասնաբուժության ու անասնաբուծության հարցերում: Վարդենիսի կենտրոնը նախատեսված է որպես տարածքային կառույց, որտեղից առաջադեմ փորձը հասանելի կդառնա մերձակա համայնքների համար: Լավագույն փորձը գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև անասնաբուծությամբ զբաղվողներին հասանելի դարձնելը թույլ կտա հարստացնել գյուղում ապրող ու տնտեսավարող անձանց գիտելիքներն ու հմտությունները:

Կենտրոնը նաև կդյուրացնի նոր շուկաների հետ կապը և տեղաբնակներին կօգնի ֆինանսական ծառայություններից օգտվելու հարցում: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի Գեղարքունիքի մարզի 7 համայնքների 2000-ից ավելի ֆերմերների։ Կենտրոնի հիմնադիրները հավատացած են, որ խորհրդատվական ծառայությունների արդյունավետ համակարգը կօգնի անցում կատարել ռեսուրսատար գյուղատնտեսությունից դեպի նոր տեխնոլոգիաների շուրջ կառուցված գյուղատնտեսություն, ինչը կհանգեցնի արտադրողականության բարձրացման ու եկամուտների ավելացման:
«Այս կենտրոնի միջոցով ձեռք բերած գիտելիքները, հուսով ենք, թույլ կտան բարելավել ֆերմերների մասնագիտական հմտությունները, կատարելագործել և առավել հեռանկարային դարձնել նրանց գործունեությունը», - ասաց դեսպան Միլսը:

Սա երկրորդ նմանատիպ կենտրոնն է, որ հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» (DPESSA) երկամյա ծրագրի ներքո, որը մեկնարկել է 2014թ. փետրվարին:

Ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ նպատակ ունի հզորացնել գյուղական համայնքները՝ օգնելով վերհանել տնտեսական աճի առկա հնարավորություններն ու ձևավորել այնպիսի հմտություններ, որոնք թույլ կտան առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից:
«Մենք չենք կարող մոռանալ, որ Հայաստանի տնտեսական աճի խոշորագույն շարժիչներից մեկը հենց այնպիսի գյուղական համայնքներն են, ինչպիսին է Վարդենիսը, - ընդգծել է Միլսը, - ուստի առաջիկա մեկ ամսում դեսպանությունը կփորձի ներկայացնել գյուղատնտեսության նախարարության, հայ ֆերմերների, տեղական պաշտոնյաների հետ մեր բազմակողմ աշխատանքն ուղղված գյուղի զարգացմանը: Որպես գործընկեր մենք այստեղ ենք ապահովելու գիտելիքներ, հմտություններ, գործիքներ ու ռեսուրսներ, որ անհրաժեշտ են ջանասեր հայ ֆերմերներին՝ տեղական սպառման համար սննդամթերք ապահովելու և տեղական ու տարածաշրջանային շուկաներում մրցունակ լինելու համար»:
Պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ներկայացուցիչներ համայնքից:

 

Լրահոս

Դիտել ավելին