Կարևոր իրադարձություններ

Լինելով Հայաստանի դարավոր հարևանը՝ Իրանը սատար է կանգնել բոլոր դժվար պահերին. Հրանուշ Հակոբյան

29 Հոկտեմբեր, 2015 20:02
Լինելով Հայաստանի դարավոր հարևանը՝ Իրանը սատար է կանգնել բոլոր դժվար պահերին. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և նշել, որ հայ ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում Իրանի հադեպ, որը լինելով Հայաստանի դարավոր հարևանը՝ նրան սատար է կանգնել բոլոր դժվար պահերին:

«Ուրախ եմ, որ մեր երկրներն ունեն համագործակցության մեծ փորձ, և վստահ եմ, որ Ձեր ներկայությունն ավելի ևս կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցից հետո նորանշանակ դեսպանի համար ակտիվ գործունեության լայն հնարավորություններ են ստեղծվել:

Այնուհետև նախարարը դեսպան Սաջադիին ծանոթացրել է նախարարության գործունեությանը՝ մանրամասնորեն կանգ առնելով իրանահայության հետ իրականացված բազմաբնույթ ծրագրերի վրա:

«Մեր աշխատանքներում մենք առաջնորդվում ենք մի բանաձևով. ճանաչել, վստահել և համագործակցել: Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը նույնպես հիմնված կլինի այս սկզբունքի վրա», – ասել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ընդունելության և օգտակար տեղեկությունների համար՝ Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ խոր հարգանք ու հիացում ունի իրանահայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ և մեծ պատիվ է համարում բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելություն իրականցնելը: Նա նաև տեղեկացրել է, որ ինքը ևս արտերկրներում գտնվող իր հայրենակիցների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի և խորապես գնահատում է այն մարդկանց, ովքեր նվիրված են հայրենիքից հեռու ապրող հայրենակիցներին իրենց նախնիների երկրին և ազգային ավանդույթնե րին կապելու կարևոր գործին: Այս առումով նա Սփյուռքի նախարարության հետ համագործակցելու մեծ պատրաստակամություն է հայտնել և վստահեցրել է, որ հնարավոր ամեն ինչ կանի Իրանի և Հայաստանի միջև զարգացնելու տնտեսական, մշակութային և մարդկային հարաբերությունները:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների ներուժը միմյանց առավել ճանաչելի դարձնելու նպատակով համատեղ ծրագրերի իրականացումը, որոնցում կարելի է ներգրավել ոչ միայն Հայաստանի և Իրանի ազգաբնակչությանը, այլև այլ երկրներում ապրող հայերին և իրանցիներին:

 

Լրահոս

Դիտել ավելին