Լավ ազատամարտիկը չի թողնի, որ իրեն ծեծեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով վերջերս ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, նաեւ այլ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստին:
«Ազատամարտիկը իրեն պիտի արժանապատիվ պահի, որ չծեծեն: Մարդ ա, պատահում ա, կծեծեն էլ, թող խելոք մարդ լինի, չթողնի իրեն ծեծեն: Մեկը ինձ ծեծի, ես էլ իրենց կծեծեմ»,-ասաց գեներալը:
Հարցին, թե արդյոք ազատամարտիկներին ծեծելու հանգամանքը կապված չէ նախագահին հայհոյելու հետ, նա արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկին վիրավորում ես, եղունգներով ճանկռում է: Ծիտը, որ ծիտ է, ձագին վնասում են, ձագին պաշտպանում է»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Այս գործով սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել 3 մարդու՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարել է այն, ապա նրանցից մեկին գրավով ազատ էր արձակել։
Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։