Վրաստանում ԵՄ պատվիրակությունն ու Թբիլիսիում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները հայտարարել են, որ իրենք ակնդետ հետևում են Վրաստանի մեդիա միջավայրին, և չնայած նրանք զերծ են մնում մեկնաբանել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ դատական գործընթացի բովանդակային մասը, կան հարցեր, որոնք անհանգստություն են առաջացնում և արձագանք պահանջում։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
«Ասոցացման համաձայնագրի իրագործման գործընթացում մեր կողմից Վրաստանի աջակցությունն աճել է, սակայն նաև իրավիճակի ուսումնասիրությունն է ավելի ինտենսիվ դարձել»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը՝ կապված Վրաստանում առկա քաղաքական լարվածության հետ, ցույց է տալիս, որ այս փուլում շատ կարևոր է ձեռք բերված բարեփոխումները շարունակելը և ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք գործունեություն ապահովելը։
«Պլյուրալիստական ԶԼՄ-ները և քաղաքական միջավայրը ժողովրդավարության և երկրի եվրոպական ընտրության կարևորագույն բաղադրիչներն են»,- ասվում է հայտարարության մեջ։
«Բոլոր պետական ինստիտուտներին ու քաղաքական խաղացողներին կոչ ենք անում զերծ մնալ քայլերից ու հայտարարություններից, որոնք կնպաստեն լարվածության և բևեռացման աճին»,- ասվում է հայտարարության մեջ։