Կարևոր իրադարձություններ

Վարչական շրջանների բնապահպանական խնդիրները՝ միջազգային գիտաժողովի առանցքում

26 Հոկտեմբեր, 2015 13:21
Վարչական շրջանների բնապահպանական խնդիրները՝ միջազգային գիտաժողովի առանցքում

Հոկտեմբերի 25-26-ին Երևանում անցկացվում է «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը։ Մասնակցում են շուրջ 20 երկրի մոտ 60 գիտնականներ, ովքեր երկու օրերի ընթացքում քննարկում են վարչական շրջանների բնապահպանական վիճակը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը նշում է, որ թեման արդիական է Հայաստանի համար։ Պրոռեկտորն ընդգծում է, որ այն ունի ուսումնասիրման տարբեր ասպեկտներ, որոնցից մեկը ինժեներական տեսանկյունն է. «Շատ հաճախ միջավայրի աղտոտումները տեղի են ունենում արդյունաբերական գործունեության հետևանքով։ Այդ առումով պոլիտեխնիկական համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին։ Մենք երկու հիմնական ուղղություններով ենք զբաղվում. մեկը՝ քիմիական արդյունաբերության աղտոտիչներով, վտանգների վերացման, էկոլոգիապես ավելի մաքուր տեխնոլոգիաների մշակմամբ, երկրորդ ուղղությունը կապված է էներգետիկայի հետ։ Երկու ուղղությամբ էլ մենք ունենք ակտիվ աշխատող գիտական խմբեր։ Նման կոնֆերանսները, մտքերի փոխանակումները բերում են նրան, որ նոր լուծումներ, նոր գաղափարներ են գտնվում ջրի, շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրները լուծելու համար»։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը կարևորում է գիտաժողովի թեման Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին: Նրա կարծիքով, շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը, տեխնոլոգիական մշակումներին` մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը հույս հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում անցկացվող քննարկումները կնպաստեն բնապահպանական խնդիրների նվազմանը, որոշ չափով՝ լուծմանը ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։

Օլսոյի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ Կալենբոռնը ջրերում օրգանական միացությունների հայտնաբերման մասնագետ է։ Գիտաժողովին ներկայացված իր զեկույցում նա խոսել է ջրային միջավայրում օրգանական նյութերի հայտնաբերման և բնորոշման, օրգանական նյութերի մոնիտորինգի, համաշխարհային ստանդարտացման մասին։

Գիտնականներն անդրադարձել են նաև «Շրջակա միջավայրի բնապահապանություն և վերահսկում», «Շրջակա միջավայրի անթրոպոգենային աղտոտման հայտնաբերումը», «Արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում» և այլ թեմաների։

«Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Աջակիցներն են՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիան, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական ու Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամները։

 

Լրահոս

Դիտել ավելին