Nation թերթի փոխանցմամբ՝ Anonimous միջազգային ցանցահենային խումբը միացել է Թաիլանդում համացանցի պետական վերահսկման դեմ պայքարին։ Anonimous-ի ցանցահենները երեկ հարձակվել են CAT-Telecom պետական ձեռնարկության կայքի վրա, որին կառավարությունը պատրաստվում է հանձնարարել, երկրի տարածքում իրականացնել համացանցի գրաքննություն։
Հարձակման հետևանքով կայքը երեկ երեկոյան դարձել է անմատչելի, որը տևել է մինչև այսօր առավոտ։ Համացանցում հայտնվել են նրանից բեռնված փաստաթղթեր, որոնք մանրամասնում են համացանցը վերահսկելու կառավարության պլանը։ Բացի այդ, հրապարակվել են CAT-ի անհատական ու կոլեկտիվ հաճախորդների, այդ թվում՝ կառավարական կազմակերպությունների անձնական տվյալները։ Համացանցում գրաքննությանը դիմակայելու գործընթացը Թայլանդում սկսել է սեպտեմբերին։