Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում են հուշահամալիրից, պատվիրակության կազմում են եղել Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն և նրա խորհրդական Ժան Պիեռ Կոտչյանը գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: