Կարևոր իրադարձություններ

Ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը պետք է շատ բան փոխի երկրի ապագայի համար. վարչապետ

01 Մարտ, 2025 16:36
Ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը պետք է շատ բան փոխի երկրի ապագայի համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ:

Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման առիթով և նշել. «Իսկապես շնորհավորելու առիթ է, և կարծում եմ՝ հիմա արդեն ակնհայտ է, որ ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը, իմ ընկալմամբ, պետք է շղթայաբար շատ բան փոխի երեխաների և երկրի ապագայի համար: Երեխաները, ովքեր սովորում են այսպիսի միջավայրում, ուսուցիչները, ովքեր դասավանդում են այսպիսի միջավայրում, ծնողները, ովքեր ամեն օր առնչվում են այսպիսի միջավայրի հետ, պետք է որոշակի լիցքեր ստանան այս միջավայրից, որը կառուցվել է ՀՀ Կառավարության ջանքերով, բայց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների վճարած հարկերի հաշվին»:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին և արձանագրել, որ նման ծրագրերը ցույց են տալիս, թե ինչի է վերափոխվում իրենց աշխատանքը։ Վարչապետը երեխաներին ներկայացրել է նման միջավայր դպրոցում ձևավորելու Կառավարության ուղերձը՝ ստեղծվում են լավ ապրելու, լավ աշխատանք ունենալու, լավ վաստակելու, կյանքը վայելելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները:

Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաններն էլ հետագայում իրենց ընտրած մասնագիտության, զբաղմունքի միջոցով առավելագույն արդյունք կստեղծեն իրենց, իրենց ընտանիքների և պետության համար։ «Ես ուզում եմ, որ այս դպրոցն իսկապես ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից, ընտրեք մասնագիտություն, որը սիրում եք, ունենաք անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեր բարեկեցության վաստակն ունենալու համար, և ձեր վաստակը, միջավայրը, քաղաքը, բնակավայրը, պետությունը լինեն այնպիսին, որ ձեզ կյանքը վայելելու և երջանիկ լինելու հնարավորություն տան, ստեղծեն այդ հնարավորությունը: Սա է մեր ռազմավարական նպատակը»,-ասել է երկրի ղեկավարը։

 

Լրահոս

Դիտել ավելին