Կարևոր իրադարձություններ

Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

19 Փետրվար, 2025 16:32
Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։

Այցի հիմնական նպատակն Էր ուսումնասիրել հիմնարկների այն տարածքները, որտեղ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով ԵԽ-ի աջակցությամբ ստեղծվելու են ուսումնաարտադրական կենտրոններ։

Ծովինար Թադևոսյանը և Դիանա Ղազարյանը տեղում դիտարկել են հնարավոր տարբերակները և լուծումները։

Շրջայց է կատարվել նաև հիմնարկների այն տարածքներում, որտեղ վարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից իրականացվել են և դեռ ընթանում են շինվերանորոգման աշխատանքներ, այն է՝ կարանտինային մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցության սենյակներում, պատժախցերում և բնակելի գոտիների այլ տարածքներում։

Ուսումնասիրվել են նաև վերանորոգման ենթակա հատվածները։

Հավելենք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են նաև այն ազատազրկված անձինք, որոնք մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Շինարարական հմտություններ» դասընթացին։


Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այս կրթական ծրագրի շնորհիվ դատապարտյալները, ձեռք բերելով նոր հմտություններ, ստացել են դրանք գործնականում կիրառելու և վարձատրվելու հնարավորություն։

 

Լրահոս

Դիտել ավելին