Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։
Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։
Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Տեսակի հայտնաբերումը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի աշխատանքի, այլև տարածքում իրականացվող պահպանության ջանքերի արդյունավետության մասին։
2024 թվականին FPWC-ի և ԱրԱվեսի համատեղ հետազոտական աշխատանքների արդյունքում Արմաշում գրանցվել է ավելի քան 100 տեսակի թռչուն։ Հազվագյուտների թվում են նաև՝
Սպիտակապոչ արծիվը՝ Հայաստանի հազվադեպ չվահյուրերից
Ֆլամինգոներ և սուլթանական հավեր
Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր և սպիտակ հավալուսներ
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի պոպուլյացիայի ուսումնասիրությանը, ինչը կարևոր է տեսակի պահպանության արդյունավետ միջոցառումների մշակման համար։
«Բտիկաթև կիվիվի բնադրման փաստագրումը ոչ միայն գիտական նշանակալի ձեռքբերում է, այլև վկայում է Հայաստանի էկոհամակարգերի առողջության և կենսաբազմազանության պահպանման մեր ջանքերի արդյունավետության մասին», - նշում են կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հետազոտական աշխատանքները կշարունակվեն նաև 2025 թվականին։