Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:
Զեկուցվել է, որ 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը:
Ըստ այդմ՝ սահմանված թիրախային ցուցանիշներն են՝ բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում, նյութական պահուստի պաշարների առկայություն, մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված թիրախների ապահովում:
Նշվել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ աշխատանքներ են տարվում՝ ըստ տարիքային խմբերի նվազագույն պարենային զամբյուղի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկայում կիրառվող սպառման նորմաները և էներգետիկ արժեքները։
Հանրակրթական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են իրազեկման աշխատանքներ բալանսավորված սննդակարգի, անվտանգ սնունդ ընտրելու սկզբունքների վերաբերյալ։
«Տաք սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականից ՀՀ 10 մարզերի հանրակրթական 1060 դպրոցների տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։
Նշվել է, որ պարենի առկայության և կայունության շրջանակում մինչև 2027 թ․խոշոր ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է պետական աջակցություն:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավոր քայլերին:
Վարչապետ Փաշինյանը նյութական պահուստի պաշարների ապահովման համատեքստում կարևորել է տեղական արտադրության խրախուսումը, Կառավարության աջակցության ծրագրերի վերանայումն ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից համապատասխան ծրագրերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է աշխատել նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ՝
հավելելով, որ պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ է գործել հնարավորինս ճկուն: