Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն պատրաստվում է հանձնել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանին

18 Փետրվար, 2025 16:27
ՀՀ-ն պատրաստվում է հանձնել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանին

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին։

 

Հայտնում են ՀՔԱՎ-ից:

Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը։

Հատկանշական է այն փաստը, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու  դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ Գլխավոր դատախազությունը չի սպասել, մինչև միջոցներ ձեռնարկվեն երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։ 

Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում Է․Թորոսյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը։  

Հիշեցնում ենք, որ արտահանձնման դեպքում կխախտվի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը, քանի որ պահանջ ներկայացնող պետությունում՝ ՌԴ-ում զանգվածաբար և անպատիժ խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին