«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:
Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:
Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:
Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:
Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:
Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: