Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

30 Հունվար, 2025 18:32
Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ:

Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարբերական փոխայցելությունները, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամենամյա կանոնավոր նիստերը երկու երկրների բարեկամության, առկա փոխգործակցության ծավալների աճի ու համատեղ ձևավորված հարուստ օրակարգի վկայությունն է համարել:

Նրա խոսքով՝ նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին:

«Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների, շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցությունը»,–ասել է Փաշինյանը:

Միջկառավարական հանձնաժողովը հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:

«Պետք է արձանագրեմ, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբերմունքը խարսխվել է շատ կոնկրետ և ամուր իրողությունների վրա: Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը»,–ասել է վարչապետը:

Նա Հայաստանի և Վրաստանի հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից է համարել տնտեսական համագործակցությունն ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումը՝ այդ թվում փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին