Կարևոր իրադարձություններ

Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին. Միրզոյան

30 Հունվար, 2025 18:24
Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին. Միրզոյան

Հարց․ «Պարո՛ն Միրզոյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ խոսել է հաղորդակցությունների մասին` նշելով, որ իբր հայկական կողմը պարտավորություն ունի Ադրբեջանին տրամադրելու անխոչընդոտ երթուղի դեպի Նախիջևան, սակայն հրաժարվում իր պարտավորությունից: Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը.

«Այստեղ նոր բան չկա. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է. մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին և ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը։

Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում մեծ տնտեսական, և ոչ միայն, օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին` Հարավային Կովկասին` Ադրբեջանին, Հայաստանին, նաև, իհարկե, Վրաստանին: Մեծ հաշվով, մեր մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկում»։

Եթե ծանոթ եք, այդտեղ հիմնարար սկզբունքներ կան` երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, ենթակառուցվածքների նկատմամբ երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրն իր հատվածում:
Բնականաբար նաև հասկանալով, որ 21-րդ դարն ընդհանրապես պարզեցումների, լոգիստիկ անցումների հեշտացումների դար է, և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների: Մենք Ադրբեջանի հետ ևս, եթե և երբ կապաշրջափակվեն կապուղիները, մենք տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք միայն շահել: Այնպես որ նոր բան չեմ ասելու. մեր դիրքորոշումը մնում է ուժի մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին