Կարևոր իրադարձություններ

Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը

30 Հունվար, 2025 19:30
Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմի լավարկմանը, պետական բյուջեի միջոցներից աջակցություն ստացող թիրախային խմբերի հստակեցմանը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրվել: Մասնավորապես՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում սովորողների թիվը: Ըստ նախարարի՝ այս պահին կա 3-5 տարեկան ավելի քան 82 հազար երեխա՝ ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, որը շուրջ 75 տոկոսն է կազմում տվյալ տարիքային խմբի: 2022 թ. այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս, այսինքն՝ 2 տարվա ընթացքում ապահովվել է շուրջ 12 տոկոս աճ, իսկ 2017 թ. համեմատ՝ շուրջ 20 տոկոս աճ:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը, որի ընդլայնման և տարիքային շեմի վերանայման կարիք կա: Որոշմամբ  առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը: «Մասնավորապես՝ նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակում, այսինքն՝ շուրջ 200 երեխաների համար, փորձենք սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է մի շարք համայնքներում:

Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում: Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը. Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած, երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծրագիրը կարևորել է երեխանների կրթության տեսակետից, միաժամանակ ընդգծել դրա  տնտեսական բաղադրիչի կարևորությունը. երիտասարդ մայրիկների համար հնարավորություն է ստեղծվում՝ կա՛մ հնարավորինս շուտ աշխատանքի շուկա վերադառնալու, կա՛մ դրսևորվելու հնարավորություն ունենալու: Վարչապետը  կարևորել է նաև  որոշումը պատշաճ ձևով կոմունիկացնելու հարցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին