«Փաստ» օրաթերթը գրում է.
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Ավելին, նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյո՞ք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին:
Սա զգալի անհանգստություններ է առաջացրել տարբեր երկրներում այն շրջանակների մեջ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությունն ապահովել են ամերիկյան, այդ թվում՝ USAID-ի ֆինանսավորմամբ: Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Ուկրաինայում USAID-ի մասնաճյուղը հրահանգ է ստացել դադարեցնել այդ երկրի տարածքում բոլոր ծրագրերն ու ծախսերը։
«Հնարավոր է, որ հայաստանյան ՀԿ-ները, որոնք փոխկապակցված են USAID-ի հետ և ստանում են նրանից ֆինանսավորում, մոտ ապագայում նույնպես դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ տարածքում»,- գրում են հեղինակները և հավելում, որ Հայաստանի «գրանտակեր», ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների շրջանում Թրամփի վարչակազմի նոր որոշումը խուճապ է առաջացրել, քանի որ նրանք կարող են զրկվել իրենց ֆինանսավորումից և կա՛մ դադարեցնեն իրենց գործունեությունը, կա՛մ սկսեն փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ։
Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ձևավորվել է արևմտյան, հատկապես ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների ցանց, որոնք զբաղված էին արևմտյան շահերի փիառով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ։ Խոսքը, ընդ որում, ընդհանուր առմամբ միլիոնավոր դոլարների մասին է:
«Ջորջ Սորոսը ստեղծել է ՀՀ-ում և աշխարհի տարբեր անկյուններում «ՀԿ-ների կայսրություն». նա այդ ՀԿ-ների միջոցով գունավոր հեղափոխություններ է իրականացնում կամ փոխում է տվյալ երկրների արտաքին քաղաքականությունը։ Սորոսն իր առանձին շահերն ունի, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների հետ։ Սորոսը կարող է ավելացնել ՀԿ-ների ֆինանսավորման ծավալները, եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորումը: ՀՀ իշխանություններն ունեին սերտ կապեր այդ ՀԿ-ների հետ, և այդ ՀԿները վայելում էին քպականների աջակցությունը։
Այժմ, երբ գլոբալիստների աջակից Բայդենին փոխարինել է Դոնալդ Թրամփը, որը ցանկանում է դադարեցնել ուկրաինական պատերազմն ու կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ՀՀ-ի արևմտյան գրանտակեր շրջանակները թայմ-աուտ են վերցրել՝ հասկանալու համար իրենց ապագա ճակատագիրը»,- գրում է «Հանրապետության հրապարակ» ալիքն ու հավելում, որ ՀՀ գործող իշխանությունները նույնպես սպասողական վիճակում են և հայտարարել են, որ ցանկանում են ամրապնդել կապերը Թրամփի նոր վարչակազմի հետ՝ դրանով մեսիջ ուղարկելով Սպիտակ տուն։
Ըստ հեղինակների, եթե ԱՄՆ-ն որոշի այլևս չֆինանսավորել ՀՀ-ում առկա բազմաթիվ ՀԿ-ներ, ապա ՀՀ իշխանությունները կարող են այդ ՀԿ-ների ֆինանսավորումը վերցնել իրենց վրա՝ տարբեր դրամաշնորհներ տրամադրելով այդ կառույցներին, սակայն այդպես նրանք հակադրվելու են Թրամփի վարչակազմին և ԱՄՆ դեսպանատանը, ինչը կունենա աշխարհաքաղաքական հետևանքներ գործող իշխանությունների համար, ըստ այդմ՝ նրանք բացահայտ ձեռնոց չեն նետի Թրամփին։
«Մյուս տարբերակով այդ ՀԿ-ները կարող են գտնել ֆինանսավորում այլ արևմտյան դեսպանատներում. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, միգուցե նաև Կանադան և այլ երկրներ կարող են իրենց վրա վերցնել այդ ՀԿ-ների ֆինանսավորումը՝ այդ կերպ նաև ստանալով ազդեցության լծակներ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա և հակադրվելով Թրամփին»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման պարագայում Վաշինգտոնն այլևս չի ցանկանա ֆինանսավորել հակառուսական, ռուսաֆոբ քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ներին՝ դա նաև կլինի աշխարհաքաղաքական ժեստ Մոսկվային»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։