Կարևոր իրադարձություններ

Տիրան Խաչատրյանը կկալանավորվի

05 Հունվար, 2025 10:00
Տիրան Խաչատրյանը կկալանավորվի

ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։

2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։

2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Ավան նստավայր) քննվում էր գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի հարցը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը երեկ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նիստն սկսվելու է ժամը 18:00-ին, ապա նիստը հետաձգվել էր մեկ ժամով:

Տիրան Խաչատրյանի փաստաբաններից Արմեն Անդրիկյանն ավելի վաղ հայտնել էր, որ գործը վերաբերում է 44-օրյա պատերազմում Տիրան Խաչատրյանի գործունեությանը: 

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է գործող Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 3-րդ մասի (Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով) հիմքով:

Գործը, ըստ փաստաբանի, 5 հատոր է: 

Ըստ Անդրիկյանի՝ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին