ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը: Հասել ենք այնպիսի աբսուրդի, որ լրատվական հարցախույզների ժամանակ մարդկանց փողոցում հարցնում են, արդյոք նրանք ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե Վարչապետին:
Ո՞նց սկսվեց մեր պետության ամենակարևոր երկու ինստիտիտների միջև բախումը: Այն սկսվեց, երբ հեղափոխական իշխանության առանձին անհատներ հետապնդում էին Կաթողիկոսին ու պահանջում նրա հրաժարականը, թե՞ երբ ամենաստորին աստիճանակարգի մի քահանա հաթաթա էր տալիս ԱԺ նախագահին: Եկեղեցի-իշխանություն օտարումը աշխարհաքաղաքական, ազգային-կրոնական, տնտեսական, թե՞ անձնական ենթատեքստ ունի: Առաջինը հոգևորականները պետք է դադարեն բարձրաստիճան իշխանավորներին անվանել Նեռ, թե՞ իշխանականները բարձրաստիճան հոգևորականներին` օտարերկրյա գործակալ:
Երեկ այս ամենի մասին մի վայրի տեսակետ լսեցի, որ այս հակամարտությունը շատ էլ լավ է մեր եկեղեցու և մեր պետության համար: Ըստ այս տեսության, անցյալ տարվա հոգևորականների հեղափոխության ձախողումից հետո, եկեղեցիները հիմա ավելի մարդաշատ են, իսկ Վեհափառի մասին նյութերը ավելի մեծ քանակի հավանություն են ստանում սոցցանցերում: Հոգևորականները կտրվել են իշխանականներից և ավելի զուսպ իրենց ծառայությունն են անում: Եկեղեցիների պաշտոնյա խաչքավորների միջոցով որոշ քահանաներ այլևս հարց լուծողներ չեն ու օլիգարխների սեղանների թամադաների չեն վերածվում: Իշխանությունն էլ ավելի ազատ է իրեն զգում և ստիպված չէ բոլոր աշխարհիկ ու պետական հարցերում հաշվի նստել երկրի ամենակոնսերվատիվ հատվածի հետ: Ըստ այս տեսության, այս օտարումից շահել են երկու կողմերն էլ: Շահել է նաև պետությունը:
Ինքս այս հարցում ավելի պահպանողական եմ ու գտնում են, որ ամեն գնով պետք է հաշտեցնել եկեղեցուն ու իշխանությանը: Ավելի լավ է, երբ Վեհափառին վերապահված է սաղմոսերգությունը, իսկ Վարչապետը որոշում է որքան զիջողականություն դրսևորել աշխարհաքաղաքական հարցերում:
Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն:
Հետաքրքիր է հանրությունը ինչի՞ կողմնակիցն է` հակամարտության էլ ավելի խորացման, թե՞ հաշտեցման»: