Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Նրանք ևս առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Մեկ տուժող «Աշտարակ» բժշկական կենտրոնում է, նա ևս շուտով դուրս կգրվի:
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: