Նոր կանխատեսումներով հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ գլոբալ պաշարների նվազող, սակայն դեռեւս ընդունելի համարվող գործակից է մատնանշվում
Հռոմ – Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը բարձրացել է նոյեմբերին՝ հասնելով 2023 թվականի ապրիլից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին, որը 0.5 տոկոսով բարձր է հոկտեմբերի ցուցանիշից եւ հիմնված է բուսական յուղի միջազգային գների սրընթաց աճի վրա, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, այս տարվա հոկտեմբերին միջինում կազմել է 127.5 միավոր, որը 5.7 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա արժեքից եւ, միեւնույն ժամանակ, 20.4 տոկոսով ցածր 2022 թվականի մարտ ամսին արձանագրված բարձրակետից։
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին 7.5 տոկոսով գերազանցել է հոկտեմբերի արժեքը՝ նշանավորելով վերջին երկու ամիսների ընթացքում երկրորդ ամենազգալի բարձրացումը եւ 32 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա արժեքը։ Արմավի յուղի համաշխարհային գներն է՛լ ավելի են բարձրացել, որը պայմանավորված է հարավ-արեւելյան Ասիայում առատ տեղումների պատճառով սպասվածից ցածր արտադրության հետ կապված մտահոգություններով: Սոյայի համաշխարհային գները բարձրացել են ներմուծումների պահանջարկի արդյունքում, մինչդեռ ռափսի եւ արեւածաղկի յուղի գնանշումներն աճել են, քանի որ գլոբալ մատակարարման հեռանկարների մթագնումն ազդել է դրանց համապատասխան շուկաների վրա:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նոյեմբերին պահպանեց իր մագլցող հետագիծը՝ հոկտեմբերից ի վեր ավելանալով 0.6 տոկոսով, որի պատճառն ամբողջական կաթի փոշու ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնումն էր: Կարագի գները նոր ռեկորդային մակարդակի են հասել՝ Արեւմտյան Եվրոպայում մեծ պահանջարկի եւ սակավ պաշարների պայմաններում, իսկ պանրի գները բարձրացել են՝ ի պատասխան արտահանման հնարավորությունների սահմանափակման:
Նոյեմբերին այլ ենթաինդեքսներով, եւս, գնանկումներ են արձանագրվել։ ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը 2.7 տոկոսով նվազել է, որը 8.0 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ինդեքսից։ Ցորենի համաշխարհային գները նվազել են ներմուծումների միջազգային պահանջարկի թուլացման եւ հարավային կիսագնդում դեռեւս շարունակվող բերքահավաքից մատակարարումների ավելացման պատճառով:
Եգիպտացորենի համաշխարհային գները կայուն են մնացել, քանի որ Բրազիլիայում ներքին մեծ պահանջարկը եւ Մեքսիկայի՝ ԱՄՆ-ից մատակարարումների պահանջարկը փոխհատուցվել են Հարավային Ամերիկայում բարենպաստ եղանակներով, ուկրաինական մատակարարումների կրճատված պահանջարկով եւ ԱՄՆ-ում շարունակվող բերքահավաքների հետեւանքով սեզոնային ճնշմամբ: ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը նոյեմբերին նվազել է 4.0 տոկոսով, ինչը բացատրվում է շուկայական մրցակցության աճով, բերքի ճնշումներով եւ արժույթի տատանումներով:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերին նվազել է 2.4 տոկոսով, ինչին նպաստել էր Հնդկաստանում եւ Թաիլանդում մանրացման սեզոնի մեկնարկը եւ այն մեղմեց Բրազիլիայում շաքարեղեգի բերքի հեռանկարների շուրջ մտահոգությունները, որտեղ վերջին անձրեւները բարելավել են հողի խոնավությունը:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը նոյեմբերին նվազել է 0.8 տոկոսով, հիմնականում Եվրոպական միության երկրներում խոզի մսի ավելի ցածր գնանշումների պատճառով՝ արտացոլելով առատ մատակարարումները եւ համառորեն զսպվող համաշխարհային ու ներքին պահանջարկը: Ոչխարի մսի եւ թռչնամսի գլոբալ գները որոշ չափով նվազել են, իսկ տավարի մսի միջազգային գնանշումները կայունություն են պահպանել. Բրազիլիայից արտահանման գները փոխհատուցվում են Ավստրալիայի ցածր գներով:
Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.
Վերջին կանխատեսումներով նվազել է հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների գործակիցը
ՊԳԿ «Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի նոր ամփոփագրի» համաձայն, որը նույնպես ուրբաթ օրն է թողարկվել, 2024 թվականին հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրության շուրջ 0.6 տոկոս նվազում է կանխատեսվում նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 2 841 միլիոն տոննայի, որը թեեւ նվազել է հոկտեմբերին, սակայն պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։
Ակնկալվում է, որ 2024 թվականի համար ցորենի համաշխարհային արտադրանքը հավասար կլինի 2023 թվականի ցուցանիշին՝ 789 միլիոն տոննա, իսկ եգիպտացորենի արտադրանքն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 1.9%-ով կնվազի՝ մինչեւ 1 271 մլն տոննա, որը կապված է Եվրոպական միության երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվածից ցածր բերքի հետ: 2024-2025 թթ. բրնձի համաշխարհային արտադրության համար ՊԳԿ կանխատեսումը փոքր-ինչ փոխվել է՝ ցույց տալով տարեկան 0.8 տոկոսի աճ եւ 538.8 միլիոն տոննա ռեկորդային ցուցանիշ:
2025 թվականին ցորենի ավելի զուսպ գները կարող են խանգարել հյուսիսային կիսագնդում ընթացող ձմեռային ցորենի բերքատարածքների ընդլայնմանը: Ռուսաստանի Դաշնությունում ցորենի աճեցման հիմնական շրջաններում նորմայից ցածր տեղումները հանգեցրել են հողի խոնավության ցածր մակարդակի, ինչն անդրադարձել է ցանքի աշխատանքների վրա: Ի հակադրություն, Չինաստանում եւ Հնդկաստանում հողի բարենպաստ խոնավությունը եւ պետական աջակցության քաղաքականությունները զուգորդվելով շահավետ գների հետ, կարող են խթանել տնկարկների ընդլայնումը:
Հարավային կիսագնդում կերային հացահատիկային մշակաբույսերի ցանք է ընթանում: Վաղ դրսեւորվող նշանները վկայում են Արգենտինայում եգիպտացորենի ցանքերի նվազման մասին՝ պայմանավորված չոր եղանակային պայմաններով եւ մորեխների միջոցով փոխանցվող հիվանդության ռիսկով: Բրազիլիայում վաղ ցանքի մտադրությունները, որոնց խրախուսում են վերականգնված առատ տեղումները, եգիպտացորենի միեւնույն տարածքն են մատնանշում 2025 թվականի բերքի համար: Հարավային Աֆրիկայում նախնական ակնկալիքները վկայում են սպիտակ եգիպտացորենի ցանքի ավելացման մասին, ինչը պայմանավորված է ռեկորդային գներով եւ փոխհատուցվում է դեղին եգիպտացորենի տարածքի կրճատմամբ:
Կանխատեսվում է, որ 2024-2025 թթ. հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը 0.6 տոկոսով կաճի՝ հասնելով 2 859 միլիոն տոննայի եւ հանգեցնելով բրնձի ու ցորենի սպառման ակնկալվող ավելացմանը: Հոկտեմբերից հետո կատարված հանգամանալից վերանայման արդյունքում այժմ կանխատեսում է, որ հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարներն իրենց բացման մակարդակից կկրճատվեն 0.7 տոկոսով, ինչը կհանգեցնի հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների 30.1 տոկոսի՝ 2024-2025 թթ. համար։ Չնայած սա ցածր է նախորդ տարվա 30.8 տոկոսից, սակայն դեռեւս «մատակարարման հարմարավետ մակարդակ» է մատնանշում:
Հացահատիկային մշակաբույսերի միջազգային առեւտուրը 2024-2025 թվականների ներկա կանխատեսումներով 484 միլիոն տոննա է կազմում, որը 4.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ակնկալվում է, որ ցորենի եւ եգիպտացորենի համաշխարհային առեւտրի ծավալները կնվազեն, մինչդեռ բրնձի առեւտուրը կանխատեսվում է աճել:
Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով: