Կարևոր իրադարձություններ

Երեխաները խիստ անորոշ վիճակում են, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն նրանց ապագան ամբողջ աշխարհում պաշտպանելու համար. ՅՈՒՆԻՍԵՖ

22 Նոյեմբեր, 2024 15:40
Երեխաները խիստ անորոշ վիճակում են, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն նրանց ապագան ամբողջ աշխարհում պաշտպանելու համար. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեխաների ապագան անորոշ է, եթե այս փոփոխվող աշխարհում հրատապ քայլեր չձեռնարկվեն նրանց իրավունքների պաշտպանության համար: Սրա մասին այսօր նախազգուշացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակած իր հեղինակային զեկույցում:

«Երեխաների վիճակն աշխարհում 2024 թ. երեխաների ապագան փոփոխվող աշխարհում» զեկույցը կանխատեսում է, թե մինչև 2050 թվականը և դրանից հետո ինչ ազդեցություն կունենան երեխաների վրա երեք հիմնական համաշխարհային գերակա միտումները՝ ժողովրդագրական փոփոխությունները, կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը և տեխնոլոգիական առաջընթացը: Դրանք հիմնական նախանշաններն են այն մարտահրավերների և հնարավորությունների, որոնց երեխաները կարող են առերեսվել ապագայում:

«Երեխաների առջև ծառացած են անհամար ճգնաժամեր՝ կլիմայական ցնցումներից մինչև առցանց վտանգներ, և դրանք էլ ավելի կխորանան առաջիկա տարիներին,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:- Ըստ զեկույցում արված կանխատեսումների՝ համաշխարհային առաջնորդների այսօր կայացրած կամ չկայացրած որոշումները սահմանում են այն աշխարհը, որը կժառանգեն երեխաները: 2050 թվականին ավելի լավ ապագա կերտելը պահանջում է ոչ միայն երևակայություն, այլև գործողություններ: Տասնամյակների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, հատկապես աղջիկների համար, վտանգված է»։

Կլիմայական ճգնաժամն անխուսափելի է դարձել՝ հաշվի առնելով, որ 2023 թվականը եղել է երբևէ գրանցված ամենաշոգ տարին: Զեկույցի համաձայն՝ 2050-2059 թվականների ընթացքում կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը, ակնկալվում է, որ ավելի լայն տարածում կունենան. երեխաների թիվը, որոնք կենթարկվեն ծայրահեղ շոգերի ազդեցությանը, 2000-ականների համեմատ, կաճի ութ անգամ, գետերի ափամերձ տարածքների հեղեղումների և անտառային խոշոր հրդեհների ազդեցությանը ենթարկված երեխաների թիվը՝ համապատասխանաբար երեք անգամ և գրեթե երկուսուկես անգամ:

Թե ինչպես կլիմայական այս վտանգները կազդեն երեխաների վրա, կախված կլինի նրանց տարիքից, առողջական վիճակից, սոցիալ-տնտեսական իրավիճակից և ռեսուրսներին հասանելիությունից: Օրինակ՝ կլիմայական վտանգներից պաշտպանող ապաստարաններին, հովացման ենթակառուցվածքներին, առողջապահության ու կրթության համակարգերին և մաքուր ջրին հասանելիություն ունեցող երեխաներն ավելի մեծ հնարավորություն կունենան դիմակայելու կլիմայական ցնցումներին, քան նրանք, որոնք դրանց հասանելիություն չունեն: Զեկույցն ընդգծում է նպատակային բնապահպանական միջոցառումների խիստ անհրաժեշտությունը՝ բոլոր երեխաներին պաշտպանելու և նրանց առջև ծառացած վտանգները նվազեցնելու համար:

Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ առաջատար տեխնոլոգիաները, ինչպիսին է արհեստական բանականությունը (ԱԲ), թե՛ հեռանկարային և թե՛վտանգավոր են երեխաների համար, որոնք արդեն օգտագործում են ԱԲ ներդրմամբ հավելվածները խաղալիքների, վիրտուալ օգնականների, խաղերի և ուսումնական ծրագրերի մեջ: Սակայն թվային անջրպետը դեռևս զգալի է: 2024 թվականին համացանցը հասանելի է բարձր եկամուտ ունեցող երկրների բնակչության ավելի քան 95 տոկոսին, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ գրեթե 26 տոկոսին:

Զեկույցում նշվում է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների երիտասարդների մեծ մասը զրկված է թվային հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից, ինչը կազդի ուսումնառության մեջ և ապագա աշխատավայրերում թվային գործիքներն արդյունավետ և պատասխանատու կերպով օգտագործելու նրանց կարողության վրա: Այս խոչընդոտները հաճախ կապված են սոցիալ-տնտեսական իրավիճակի, սեռի, լեզվական հմտությունների և մատչելիության հետ:

Զեկույցը պարունակում է նաև լավ նորություններ։ Կանխատեսվում է, որ կյանքի տևողությունը կավելանա: Ենթադրվում է, որ երեխաների կրթության հասանելիության վերաբերյալ վերջին 100 տարվա ընթացքում գրանցված առաջնթացը կշարունակվի. 2050-ականներին աշխարհում երեխաների գրեթե 96 տոկոսը, ակնկալվում է, որ կստանա առնվազն տարրական կրթություն՝ ի տարբերություն 2000-ականների 80 տոկոսի: Նմանապես, զեկույցում նշվում է, որ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում ներդրումների ավելացման և շրջակա միջավայրի առավել լավ և հետևողական պաշտպանության շնորհիվ երեխաների ցուցանիշերը զգալիորեն կբարելավվեն: Օրինակ՝ կրթական մակարդակում սեռով պայմանավորված անհավասարությունը կնվազի, իսկ բնապահպանական վտանգների ազդեցությունը կկրճատվի:

«Երեխաների վիճակն աշխարհում 2024 թ.» զեկույցն ընդգծում է երեխաների իրավունքներին առաջնային կարևորություն տալու անհրաժեշտությունը, ինչպես դա արձանագրված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում, բոլոր ռազմավարություններում, քաղաքականություններում և գործողություններում: Այն կոչ է անում լուծելու երեք գերակա ուղղությունների առաջադրած խնդիրներն ու օգտագործել դրանց հնարավորությունները հետևյալ կերպ.

Ներդրումներ կատարել հօգուտ կրթության, ծառայությունների և երեխաների համար կայուն ու դիմակայուն քաղաքների զարգացման:

Զարգացնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը ենթակառուցվածքներում, տեխնոլոգիաներում, հիմնական ծառայություններում և սոցիալական աջակցության համակարգերում:

Կապ ապահովել բոլոր երեխաների համար և մշակել անվտանգ տեխնոլոգիաներ:

«Երեխաների համաշխարհային օրը առաջնորդների համար հնարավորություն է՝ ցույց տալու իրենց նվիրվածությունը յուրաքանչյուր երեխայի իրավունքներին և բարեկեցությանը,- ավելացրել է Ռասըլը:- Մենք կարող ենք ավելի լավ ապագա կերտել հաջորդ սերունդների համար, և մենք պետք է սկսենք հենց այսօր»:

 

Լրահոս

Դիտել ավելին