Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի փորձագետները ներկայացրել և շահակիր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումներն ու ռազմավարության հակիրճ բովանդակությունը։ Այս մաիսն հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Աշխատաժողովի նպատակն էր օժանդակել Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման ներկայումս ընթացող գործընթացին` վեր հանելով, վերլուծելով և քննարկելով ջրային ռեսուրսների և դրանց կառավարման առումով ոլորտում առկա մարտահրավերներին ու հիմնախնդիրները։
Խոսելով ծրագրի մասին, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծել է ջրային ոլորտի կայուն կառավարման և ջրային ռեսուրսների պահպանության համար ոլորտի համապարփակ ռազմավարության կարևորությունը՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով առկա հիմնախնդիրների գույքագրումն ու դրանց հասցեագրման համար տարբեր գերատեսչությունների միջև համահունչ և փոխլրացնող աշխատանքի կազմակերպումը։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարությունների, Ազգային Ժողովի, Վիճակագրության կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ։