«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեք ամիս հետո կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարին։ Այս պատերազմը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հատկապես Ուկրաինայի համար։ Այդ երկրի մի շարք հատվածներ ուղղակի ավերակների են վերածվել, տնտեսությունը կազմալուծված է, իսկ երկրի բնակչությունը, ըստ տարբեր գնահատականների, կրճատվել է 10 մլն-ով։
Ուղղակի տասնամյակներ են պետք, որ Ուկրաինան հասնի նախապատերազմյան վիճակին։ Որոշ փորձագետներ անգամ նշում են, որ 100 տարի է պետք Ուկրաինայի վերականգնման համար։ Բայց դեռ հարցական է՝ ինչքան կշարունակվի Ուկրաինայի արյունաքամ լինելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրականություն չդարձան Արևմուտքի այն ակնկալիքները, որ խիստ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը, չդիմանալով ճնշմանն, ուղղակի քարուքանդ է լինելու, ու Մոսկվան, ի վիճակի չլինելով տնտեսապես շարունակել պատերազմը, ծնկի է գալու Արևմուտքի առաջ՝ ընդունելով արևմտյան պահանջները։
Արևմուտքի համար Ուկրաինայի թեման ընդամենը միջազգային հարաբերություններում սեփական գերակայությունը պահպանելու խնդիր է լուծում։ Բայց եթե պատերազմի սկզբից միակամություն կար Ուկրաինային ամբողջությամբ աջակցություն տրամադրելու հարցում, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ի ցույց է դնում Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։
Խնդիրն այն է, որ կոնկրետ հունվարից իրավիճակ է փոխվելու, քանի որ Թրամփի վարչակազմը ստանձնելու է երկրի ղեկավարումը, իսկ նա խոստացել է, որ կանգնեցնելու է պատերազմը։ Ու, ընդհանրապես, դեռևս քարոզարշավի ընթացքում հանրապետականները՝ Թրամփի ղեկավարությամբ, դեմ էին արտահայտվում Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը՝ ընդգծելով, որ հարկատուների վճարած այդ գումարները կարող են ուղղվել իրենց պետության համար ավելի անհրաժեշտ ուղղություններով։
Ու պարզ է, որ եթե ԱՄՆ-ը հանկարծ դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ այն չափի օգնություն տրամադրել Ուկրաինային, որ Կիևը կարողանա դիմակայել Ռուսաստանին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։