Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:
Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:
Մինչ մարման արարողությունը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է այցեքարտ դարձած «Սիլիկոնյան սարեր» գագաթնաժողովի հյուրերին, նշել, որ ավանդական դարձած այս միջոցառումների շարքը ցույց է տալիս, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտին և տեղեկատվական տեխնոլոգիաներին ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում:
«Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է: Կառավարությունը և կազմակերպիչները մշտապես կապի մեջ են, որպեսզի լավագույնս ներկայացնենք մեր ձեռքբերումները այս ոլորտում և նախանշենք ապագա մեր ծրագրերը: Ամենամյա այս միջոցառումը մեր կատարած աշխատանքն ամփոփելու և ծրագրերը ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է, եթե չասենք՝ լավագույն հարթակն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
«Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար, ինչպես նաև՝ «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովի լոգոտիպը: Նամականիշի վրա նաև առկա է «Սիլիկոնային սարեր 2024» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Հաջորդիվ՝ տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023թ. դափնեկիրն է «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, ում մրցանակը հանձնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանի Հանրապետությունում, նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրան մեր երկրում: «Սրանով մենք նշում ենք այն մեծ ներդրումը, որը Դուք ունեցել եք տեխնոլոգիական ոլորտում»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ ավանդական դարձած այս մրցանակի հետ միասին իրականացվում է նաև նամականիշի մարումը:
Գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023թ. դափնեկիր Նարայանա Մուրտին, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, «Վիվա-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 դրամ անվանական արժեք: Գեղաթերթկի նամականիշների վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 14-րդ դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը: