Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ն կանցկացվի ըմբշամարտի Զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գրել է․
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, Հայաստանի ըմբշամարտի թիմի և Զինված ուժերի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը։ Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների աշխարհի առաջնությանը։
Սակայն անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա։
Հարգելի լրագրողներ, ցավոք այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ ևս չեն տրամադրել որևէ հստակ բացատրություններ կամ տեղեկություններ այս իրավիճակի վերաբերյալ»,- գրել է նա։