«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը։ Բանաձեւի համահեղինակներից է նաեւ Հայաստանը։ Բանաձեւի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի եւ այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի սրմանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան եւ այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմից հետո միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձեւերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլեւ համահեղինակում է»: