ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:
Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԸԳՀ ներքո ձեռք բերված հաջողություններին և վերահաստատվել է Համաձայնագրի շարունակական իրականացման նկատմամբ համատեղ հանձնառությունը:
Փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է ՀԸԳՀ-ի նշանակությունը ԵՄ հետ գործընկերության ամրապնդման և Հայաստանի առաջընթացի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վրա դրա ազդեցության տեսանկյունից:
«ՀԸԳՀ-ը նախևառաջ Եվրոպայի հետ ունեցած մեր ընդհանուր արժեքների ու հավակնությունների վրա խարսխված կայուն զարգացման մասին երկուստեք ընկալումների արտացոլումն է: Այն Եվրոպայի հետ երկարաժամկետ ու փոխշահավետ հարաբերություններ կառուցելու մասին է: Համաձայնագիրը, ըստ էության, ուղեցույց է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, առևտրի, ներդրումների, հանրային կառավարման բարեփոխումների և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով երկկողմ համագործակցության համար։
Այս համաձայնագրի կիրարկման առաջընթացը չափվելու է ոչ թե տեխնիկական ֆորմալ արձանագրումներով, կամ քաղաքական հայտարարություններով, այլ քաղաքացու կենսամակարդակի վրա ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների ունեցած իրական ազդեցությամբ»,- նշել է փոխվարչապետը։
Դեսպան Մարագոսն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարը և խթան է հաղորդում երկրում իրականացվող բարեփոխումներին և արդիականացմանը՝ համահունչ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգծում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը: Այն ապահովում է ամուր շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրի և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան խորացված համագործակցության համար՝ նպատակ ունենալով մարդկանց կյանքի համար դրական փոխություններ ապահովել:
Տարիների ընթացքում ինտենսիվ աշխատել ենք համաձայնագրի ներուժը լիարժեք բացահայտելու և մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։ Այս տարի մեկնարկել ենք Դիմակայունության և աճի ծրագիրը, Խաղաղության եվրոպական հիմնադրամը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը՝ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի բարեփոխումներին, ենթակառուցվածքներին և տարածաշրջանային զարգացմանը՝ Հայաստանն ավելի մոտ դարձնելով եվրոպական չափանիշներին։ Միասին մենք հավատարիմ ենք առաջընթացի խթանմանը և մեր հավակնոտ նպատակներին հասնելու նվիրվածությանը»,- նշել է ԵՄ դեսպանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կառավարությունը վերահաստատեցին իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու հաջող համագործակցությունը ՀԸԳՀ-ի շրջանակներում՝ նշելով այս առիթը որպես ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերի վկայություն: