«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի 2020 թ.-ին Գյանջային հասցված հարվածը»,-օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի կողմից սպառնալից հայտարարություններն ու պահանջներն իրականում նորություն չեն: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ի՞նչ է տվել Հայաստանին՝ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: Օրինակ՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գտնում է, որ ոչ մի իրական քաղաքական կամ իրավական օգուտ Երևանին դա չի տալիս, հակառակը՝ ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնում, որոնք կարող են հարվածել հայկական պետական երկարաժամկետ շահերին. «Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է հետաքննել պատերազմի արդյունքում տեղ գտած դեպքերը, սակայն Երևանն ի պատասխան Բաքվից չի պահանջում հետաքննել Արցախում տեղի ունեցած հայերի էթնիկ զտումները, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ, ֆոսֆորային զենքի կիրառումն և այլն։
Բացի այդ, Հռոմի ստատուտին միանալը հանգեցրեց լարվածության հայ-ռուսական հարաբերություններում՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի և հնարավոր ձերբակալության հետ։ ՀՀ-ն, իհարկե, երբեք չի գնա նման քայլի, սակայն Հռոմի ստատուտին միանալն արդեն իսկ Մոսկվայում ընկալվեց ոչ միանշանակ»։
Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագիրը` Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ երկիրն է։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։ Շատ քաղաքագետների կարծիքով, Հռոմի ստատուտին միանալը Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊ-ի հերթական ռևերանսն էր դեպի Արևմուտք ու հակառուսական արտաքին քաղաքականության շարունակվող դրսևորումը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։