«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պատերազմը մայրերից ու հայրերից, եղբայրներից ու քույրերից, մեզանից՝ բոլորիցս խլեց մեր... զավակներին: Շեշտադրում եմ «մեզանից» ու «մեր» բառերը, որովհետև հավատում եմ նրան, որ օտարի զավակ չի լինում, ու կարևոր չէ, թե ում որդին անմահացավ պատերազմներում: Նրանք մեր բոլորի որդիներն են:
Ու որդիներից Մխիթարի մայրիկը՝ Ռուզաննան, իր կյանքում անդառնալի կորուստ ունենալով, ընտրել է ուժեղ լինելու ճանապարհը: Վստահաբար, հեշտ չէ ուժեղ մոր ու կնոջ «շորերը հագնել» ու ճանապարհ անցնել, բայց անհրաժեշտ է՝ հանուն... Հանունները շատ են ու կարևոր: Ռուզաննա Մխիթարյանը կյանքի կոչեց «Ձեր լռությունը խոսել գիտի» խորագրով միջոցառումը:
Նոյեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հարկի տակ միավորվել էին տղաների ընտանիքները, հարազատները, հյուրերը՝ մասնակից դառնալու բոլոր պատերազմներում անմահացածների հիշատակին նվիրված միջոցառմանը: Այն մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային օրհներգներով: Բեմում էին «Լույս Կանթեղներ» մանկապատանեկան ստուդիայի սաները, «Հաճըն» պարային համույթը: Հնչեցին ինը նոր երգեր, որոնց հեղինակը տիկին Ռուզաննան էր: Առհասարակ, ամբողջ միջոցառման սցենարիստն ու հեղինակը Մխիթարի մայրիկն է: Միջոցառումն իրականություն էր դարձել բարերարների ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Բեմից հնչող շնորհակալություններն ուղղված էին թե՛ նրանց, թե՛ Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավարին, թե՛ Նոր Գեղիի մշակույթի տան տնօրենին և ողջ աշխատակազմին, թե՛ ողջ ստեղծագործական խմբին, յուրաքանչյուրին անուն առ անուն: Պաշտպանության նախարարությունն օգնել էր անմահացած տղաների ընտանիքներին միջոցառման մասին տեղեկացնելու առումով, իսկ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառման անցկացման համար անվճար տրամադրվել էր թատրոնի դահլիճը: Տիկին Ռուզաննան շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվողներին, բոլորին, ովքեր աջակցել էին դրա կայացմանը, կանգնել իր կողքին: «Պիտի ամրապնդվենք, գոտեպնդվենք, քայլենք դեպի լույսը: Շնորհակալություն հերոսածին մայրերին և ուժեղ ու ամուր կամքի տեր հայրերին»,- նշեց տիկին Ռուզաննան:
Սեպտեմբերի 27-ին տրվել էր միջոցառումների մեկնարկը Նոր Գեղիում՝ Մխիթարի հայրենի գյուղում: «Միջոցառումը պետք է անցկացվեր Հայաստանի բոլոր մարզերում: Մեր առաջարկին արձագանքեց միայն Արարատի մարզը: Արարատ և Վեդի քաղաքներում միջոցառումը կայացավ: Մյուս մարզերը կա՛մ մեզ մերժեցին, կա՛մ էլ որոշների պարագայում մինչև հիմա սպասում ենք պատասխանի: Որոշ դեպքերում արձագանքեցին, որ «էլ ավելի կարևոր հարցեր կան, չենք կարող, ֆինանսական ճգնաժամ է, դահլիճը չի ջեռուցվում»: Իրենց աջակցությունը պետք է լիներ տրանսպորտի և սննդի ապահովման տեսքով: Այժմ կցանկանամ գոնե զորամասերում անցկացնել այս միջոցառումը, մարզերին, գյուղական համայնքներին դժվար թե այլևս դիմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան:
Նրա խոսքով, միջոցառման հիմնական ասելիքը հետևյալն է՝ դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից: «Խավարի մեջ մի փոքրիկ լույս եմ գտել ու այն սփռում եմ իմ ազգի վրա: Պետք է շարունակենք ապրել, որ ապրեցնենք մեր տղաներին: Նրանք կանգնեցին հայրենիքի ու մոր միջև ընտրության առջև: Ընտրեցին հայրենիքը, որ մայրն ապրի՝ կիսատ, դատարկ, թևաթափ:
Ցանկացած ծնողի համար կարևոր է, որ իր որդուց խոսեն, իր տառապանքից հարցնեն: Շատերը խավարի մեջ էին, բայց ուզում եմ, որ այս միջոցառումը լույս սփռի շատերի համար: Որքան էլ դժվար լինի, բայց ամեն տարի այդ դաժան օրերը պետք է վերհիշենք՝ շարունակելով ապրել, չպետք է մոռանանք այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ: Մեր իրականությունն ընդունելով՝ պետք է դեպի լույսը գնանք, սերունդներին սովորեցնենք արժեքները վեր դասել: Պայքարի ելածները խոսելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի հայրենիքը կա»,-նշում է Մխիթարի մայրիկը:
Միջոցառման վերջում հոտնկայս ծափահարությունները նահատակված տղաներինն էին ու սահմանին կանգնած զինվորներինը: Տիկին Ռուզաննան նրանց հորդորեց. «Ապրեք հանուն հայրենիքի, քայլեք ու շնչեք հանուն հայրենիքի և սահմանից վերադարձեք տուն՝ ձեր մայրերի գիրկը: Մեր շատ տղաներից տարիներ շարունակ որևէ լուր չկա, մայրերը շարունակում են նրանց սպասել: Մեզ էլ մեր տղաների սպասումի լույսն ու հույսն է պահել: Յուրաքանչյուր օր տան դուռը բաց եմ թողնում, որ Մխիթարս ներս մտնի: Մենք էլ ձեզ հետ հավատով սպասում ենք, որ ձեր որդիները տուն վերադառնան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։