Կարևոր իրադարձություններ

Ավանեսյանն այցելել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենք

22 Նոյեմբեր, 2024 22:02
Ավանեսյանն այցելել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենք

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։

Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։
Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։
Շրջայցին մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նախարարը շրջել է Գյումրու բուժկենտրոնում, վիրաբուժական բաժանմունքի ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ արել նկատառումներ և տվել առկա խնդիրները վերացնելու հանձնարարական։

Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա, որն արդեն ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ունի շարժական թվային նոր ռենտգեն սարք։ Այն էականորեն կբարելավի ԱԱՊ օղակի կողմից տրամադրվող սքրինինգային, ախտորոշիչ և բուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը։ Այն կսպասարկի տարածքի 13 հազարից ավելի բնակչությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին