Կարևոր իրադարձություններ

Մի շարք ոլորտներում առկա է չիրացված ներուժ. հանդիպում՝ Հայաստանում Կուբայի դեսպանի հետ

18 Նոյեմբեր, 2024 18:14
Մի շարք ոլորտներում առկա է չիրացված ներուժ. հանդիպում՝ Հայաստանում Կուբայի դեսպանի հետ

Կուբան մեզ համար բարեկամ երկիր է: Հայերը Կուբայում հաստատվել են 20-րդ դարասկզբին և տեղեկացված ենք, որ Լատինական Ամերիկայում ունենք փոքրաթիվ, կազմակերպված և ակտիվ համայնք. ողջունելով Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոն Սանտանա Օսկարին՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կուբա բարեկամական խմբի ղեկավար Գառնիկ Դանիելյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը, Քրիստինե Պողոսյանը, Հակոբ Ասլանյանը, Դավիթ Կարապետյանը և Արման Ղազարյանը: Բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը կդառնա գործընկերային՝ նպաստելով հայ-կուբայական հարաբերությունների ամրապնդմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Կուբան՝ որպես բարեկամ երկիր»,- շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ասել է դեսպանը՝ հավելելով, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Լեոն Սանտանա Օսկարի դիտարկմամբ՝ երկու երկրների ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ և համոզմունք է հայտնել, որ այս հանդիպմամբ կմեկնարկեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցությանն ուղղված քայլերը:

Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ մի շարք ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:

Նշվել է, որ առևտրատնտեսական, առողջապահության, գիտակրթական և մշակութային, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Շեշտվել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի և համանուն հանձնաժողովների միջև շփումների ակտիվացման և համագործակցության անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ իրապես կխթանի փոխգործակցության ընդլայնումը:

 

Լրահոս

Դիտել ավելին