Կարևոր իրադարձություններ

Համագործակցություն՝ Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև (լուսանկարներ)

19 Նոյեմբեր, 2024 18:00
Համագործակցություն՝ Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև (լուսանկարներ)

Ռուսական արվեստի թանգարանը(պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը:

Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսի հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին և XX դարասկզբին: Նկարիչն իր գործերում վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը:

Ս. Շչեգլովի օֆորտներն աչքի են ընկնում ժանեկազարդ նրբին գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ:  Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80 թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:

Որպես թանգարանների ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսի շրջանակում Վանաձորի կերպարվեստի թանգարանում կանցկացնի լինոփորագրության վարպետության դասեր: Ծրագիրն այցելուներին ինտերակտիվ էքսկուրսիայի միջոցով ծանոթացնում է լինոփորագրության տեխնիկայի պատմությանը և հմտություններին, այնուհետ այցելուներն իրենք են հնարավորություն ստանում ստեղծագործելու այդ տեխնիկայով:

Միջթանգարանային այս համագործակցությունը Վանաձորի կերպարվեստի թանգարանի գործունեության համար նոր է, որը կունենա շարունակական բնույթ:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին