Հավանություն է տրվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է հստակ սահմանել հանրային ներդրումային ծրագիրը: Ըստ այդմ՝ ոլորտային մարմինների կողմից առաջարկվող չափանիշներին համապատասխանող բոլոր ներդրումային ծրագրերն անցնելու են միասնական չափանիշներով գնահատում և ընտրություն։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ամբողջականացվում է հանրային ներդրումների կառավարման համակարգը՝ նպատակ ունենալով ապահովել պետական ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործում և պետական ներդրումային ծրագրերի արդյունքների բարելավում:
Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է կրթության բնագավառում ապահովել պատշաճ վերահսկողություն: Նախագծերի ընդունման արդյունքում համապարփակ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:
Գործադիրի հավանության են արժանացել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծի ընդունման արդյունքում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով, կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով հափշտակված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխարեն փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած հարկային պարտավորության արժեքի չափով որպես հանցագործությամբ պատճառված վնաս գումար գանձել հանցանք կատարած անձից։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով։