Հայաստանի հանրակրթական հաստատություններում անցկացվում են դասալսումներ։
Աշխատանքներն իրականացվում է ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ դպրոցներ են ընդգրկվել դասալսումների ցուցակում։
2022 թվականին նախատեսված է եղել 20, 2023 թվականին 30, իսկ 2024 թվականին առանձնացվել է 40 դպրոց։ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
«Ծրագրի հիմնական նպատակն է խորհրդատվություների միջոցով աջակցել ուսուցիչներին, որ ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դրվածքը, դասավանդման որակն ավելի բարձրանա։ Ընտրված են Մաթեմատիկա և Հայոց լեզու առարկաները։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է ավելացնել նաև բնագիտական առարկաները»,-ասել է Արսեն Բաղդասարյանը։
Դասալսումների ընթացքում դիտարկվում է թե ուսուցիչների աշխատանքը, թե աշակերտների ներգրավվածությունը, թե միջավայրը, անհրաժեշտ օժանդակ միջոցների առկայությունը և այլն։ Դասալսումների իրականացման համար տեսչական մարմինը մշակել է գործիքակազմ, որը ներառում է դասալսման ձևաթուղթ, գնահատման ուղեցույց, եզրակացության ձևաթուղթ:
«Դասալսումների ընթացքում մասնագետները վերհանում են բոլոր խնդիրները, քննարկում դրանք ուսուցիչների հետ։ Բարձրաձայնվում են տարաբնույթ խնդիրներ՝ դասը վարելու մեթոդական մոտեցումներ, աշակերտների մասնակցայնություն, առարկայական մասնագիտական հարցերի վերհանում։ Այն ուսուցչի մոտ, որտեղ դասալսում է իրականացվում, մեր խնդիրն է աջակցել, ուղղորդել, թե նրա մասնագիտական որ հմտությունները, կարողությունները լավարկելու անհրաժեշտություն կա, ինչն էլ դրական իմաստով կարող է ազդել կրթության որակի վրա»,-ասել է Արսեն Բաղդասարյանը։
Նա նշել է, որ կան խնդիրներ, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում, կան խնդիրներ՝ կարճաժամկետ։
Դրանք բոլորը խմբավորվում են և ներկայացվում են շահագրգիռ բոլոր կողմերին։