Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար: Գումար կհատկացվի նաև 1 կրթահամալիրի նախագծման համար, ինչպես նաև Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար: «Այս աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ: Լրացուցիչ ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,- ասել է նախարարը:
Գումար կհատկացվի, մասնավորապես՝ հետևյալ ավարտված և ավարտման փուլում գտնվող ծրագրերի համար՝ Արմավիրի մարզի Այգևան համայնքում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցում, Լուսակնի, Ջիլի, Վաղատինի, Դարբասի միջնակարգ դպրոցների, Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց, Կապսի միջնակարգ դպրոցների շինաշխատանքների համար, Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց, Վ. Գետաշենի թիվ 2 միջնակարգ, Երևանի հ. 37 հիմնական դպրոցի մարզադահլիճների աշխատանքների համար: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև ընթացքի մեջ գտնվող հետևյալ ծրագրերի համար՝ Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտի կառուցում, Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցում, գ. Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի շինաշխատանքների իրականացում: Նախագծման ենթակա ծրագրերից է Գոշի մոդուլային կրթահամալիրը, չափագրման ենթական օբյեկտներ են՝ Արալեզ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը, Ջիլի միջնակարգ դպրոցը, Լուսակնի միջնակարգ դպրոցը, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտը:
Մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարվել 293,002.3 հազար դրամի չափով, որն ուղղվելու է թվով 14 դպրոցի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքների մեկնարկմանը։ Այդ դպրոցներն են՝ Արարատի մարզի Հնաբերդի, Վարդաշենի միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցը, Լոռու մարզի Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1, ք. Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8, ք. Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցները, Ագարակի միջնակարգ դպրոցը, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցը, Շիրակի մարզի ք. Գյումրու թիվ 32, թիվ 38, թիվ 41, թիվ 28 հիմնական դպրոցները, Փանիկի միջնակարգ դպրոցը, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցը: