ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր: