Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական բանտում դաժան ծեծի են ենթարկել Իլգար Մամեդովին

19 Հոկտեմբեր, 2015 20:35
Ադրբեջանական բանտում դաժան ծեծի են ենթարկել Իլգար Մամեդովին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազատազրկման դատապարտված ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը դաժան ծեծի է ենթարկվել հոկտեմբերի 16-ին։ Միջադեպը գրանցվել է թիվ 2 գաղութում, ուր նա կրում է իր ազատազրկումը։

Այդ մասին հայտարարել է Մամեդովի փաստաբան Ջավադ Ջավադովը։ Նա տեղի ունեցածի կապակցությամբ բողոք է հղել Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին ու օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային։

Իր բողոքում փաստաբանը նշել է, որ Մամեդովը ծեծի է ենթարկվել փաստաբան Ֆուադ Աղաևի այցից որոշ ժամանակ անց։ Այդ այցից հետո Մամեդովին կանչել են գաղութի պետի տեղակալի մոտ, ուր երեք հոգով սկսել են ծեծի ենթարկել նրան։
Ջավադովն ընդգծել է, որ նախ հավածել են Մամեդովի գլխին, ապա նրան տարել են պետ Էյվազ Ասկերովի մոտ, որտեղ նրան տապալել են գետին, ապա սկսել են հարվածել ոտքերով։ Գաղութի պետը Մամեդովին սպառնացել է, որ նա ողջ և առողջ դուրս չի գալու գաղութից։

Իլգար Մամեդովը 2014 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով 2013 թվականի հունվարին Իսմայիլիի անկարգությունները կազմակերպելու համար։ 2014 թվականի մայիսի 22-ին ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Մամեդովի ձերբակալությունը և որոշել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատի Մամեդովին ու նրան վճարի 22.000 եվրո փոխհատուցում։ Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն։

 

Լրահոս

Դիտել ավելին