«Եղբայրս ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1սմ կարճ ու երկար են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիրը ու զորակոչել են բանակ»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ֆեյսբուքյան օգտատեր Կիմա Շարոյանը, ով բոլորովին վերջերս իր անձնական էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով եղբոր առողջական խնդիրների և դրանով հանդերձ ՊԲ-ում ծառայելու մասին:
«Ինչ զորացրվել է՝ բուժկետում է, բացի ցավազրկողից ոչինչ չեն անում, վիճակը շատ լուրջ է: Երդման արարողության օրը բոլոր զինվորները ոտքով են եկել, իսկ իրեն մեքենայով են բերել»,-նշեց քույրը։
Դեպքի վերաբերյալ խոսեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, վերջինս մեկնաբանեց իրողությունը.
«Ընտանիքն ինչ ասես կարող է պնդել, բայց կա բժշկական հանձնաժողով, մասնագետներ առողջապահությունից։ Իսկ փաստաթղթերն այլ բան են ասում, ասում են, որ կարող է սահմանափակումներով ծառայել, այսինքն ոչ լիարժեք շարային ծառայության, բայց ենթակա է ծառայության»,-ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե այս պահին որտե՞ղ է զինվորը, ի՞նչ բուժզննում է անցել, ինչպե՞ս է վերջինիս առողջական վիճակը․
«Երեկ տարվել է հոսպիտալ, կրկին անցել է համապաստախան զննություն և նորից հաստատվել է այն, ինչ ես արդեն ասել եմ՝ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 հոդվածի գ կետով նա պիտանի է ծառայության»:
Արծրուն Հովհաննիսյանը, մեզ փոխանցեց զինվորի ոտքերից լուսանկարներ․
«Սրանք հենց երեկվա նկարներ են, իսկ քրոջ արածը`չգիտեմ, հավանաբար ծառայության առաջին օրերի նկար է, քանի որ բոլորն էլ առաջին օրերին այդ վիճակում են հայտնվում: Ցանկացած մարդ քաղաքացիական կյանքից որ անցնում է զինվորականի և մի քանի ժամ ոտքից չի հանում զինվորական կոշիկը, մանավանդ` շարային է անում, ապա ոտքերը այդպես ուռում են»,- եզրափակեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Հեղինակ՝ Աննա Ղազարյան